Մատչելիության հղումներ

Սարգսյան․ Խնդիր ենք դրել վստահ քայլ կատարել եվրոպական մոդելի ժողովրդավարության կառուցման ուղղությամբ


Աշխատանքային այցով Մալթայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սեյնթ Ջուլիանսի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի «Արենա» կոնֆերանսների կենտրոնում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:

Նախագահ Սերժ Սարգսյանը համագումարի այսօրվա լիագումար առաջին նիստում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Հայաստանում օրերս կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունը հաջողության պատմություն է, հաջողված գործընկերության մոդել, որը մի կողմից Հայաստանի՝ եվրոպական օրակարգի հետևողականության, մյուս կողմից վերջին տարիներին Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ անհատական գործընկերություն զարգացնելու նոր մոտեցման արդյունք է: Այս գործընթացում Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացներ՝ յուրաքանչյուրից քաղելով և յուրաքանչյուրին տալով դրականը և օգտակարը, ինչը միավորում է պետություններին, այլ ոչ թե բաժանում», - իր ելույթում նշել է Հանրապետության նախագահը: - «Ընդամենը երեք օր հետո Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Սա կարևորագույն հանգրվան է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրի ժողովրդավարացման ճանապարհին: Հաշվի առնելով երկրի զարգացման առանձնահատկությունները՝ մենք մեր առջև խնդիր ենք դրել վստահ քայլ կատարել եվրոպական մոդելի ժողովրդավարության կառուցման և ժողովրդավարական հաստատությունների հետագա ամրապնդման ուղղությամբ: Մենք հանձնառու ենք և անում ենք հնարավորը՝ անցկացնելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ», - հավելել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, համագումարը վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Համագումարին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ, համագումարը հյուրընկալած երկրի` Մալթայի Ազգայնական կուսակցության նախագահ Սիմոն Բուզուտիլը:

Համագումարի երկու օրերին պատվիրակների ուշադրության կենտրոնում են լինելու համաեվրոպական նշանակության հարցերը, օրակարգում մեծ տեղ է վերապահված «Եվրոպայի ապագան» առանցքային թեմայով քաղաքական քննարկումներին: Անդրադարձ կլինի նաև Եվրոպական հարևանության խնդիրներին, Արևելյան գործընկերության ոլորտում առկա զարգացումներին, միջազգային արդի մարտահրավերներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG