Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հակադարձում է Լևոն Տեր-Պետրոսյանին․ «Մեր հակառակորդը Լյուքսեմբուրգը չէ»


Դավիթ Բաբայան, արխիվ
Դավիթ Բաբայան, արխիվ

Տարածաշրջան կատարած այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշում են, թե Երանում, Ստեփանակերտում և Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում «իրենց խորին մտահոգությունն են հայտնել շփման գծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ և կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել իրենց հռետորաբանությունում և գործողություններում»:

«Իրենց բանակցություններում համանախագահները շեշտել են դեսպան Կասպշիկի առաքելությանը և դրա ընդարձակմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը: Համանախագահները նաև ընդգծել են իրենց համոզմունքը, որ հրադադարի պահպանումը կարևորագույն նշանակություն ունի փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար, ինչը թույլ կտա շարունակել հետագա բանակցությունները»,- նաև ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարությունում:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ Ստեփեանակերտում ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը միջնորդների հետ հանդիպման ընթացքում կարևորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ու խախտումների վերհանմանն ուղղված մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը՝ այն համարելով խաղաղ գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը:

ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքով, համանախագահների այս այցը յուրահատուկ էր՝ «Փաստորեն երեք համանախագահներից երկուսը նորանշանակ էին և առաջին անգամ են այցելել Արցախի Հանրապետություն»:

Երկու օր առաջ Երևանում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, հավատարիմ մնալով հնարավորինս բաց լինելու՝ ամերիկացի համանախագահների ավանդույթին, որոշ մանրամասներ էր հայտնել բանակցային սեղանին այսօր առկա փաստաթղթի մասին։ «Այս պահին գործընթաց կա»,- ասել էր Հոգլանդը և, անդրադառնալով լրատվամիջոցներում հաճախ շրջանառվող՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման «Լավրովի ծրագրին», հավելել․ «Մենք այն չենք կոչում «Լավրովի ծրագիր», սակայն, անշուշտ, սեղանին դրված է ծրագիր: Այն շատ համապարփակ ծրագիր է, բաղկացած է երեք մասից»:

Դավիթ Բաբայանը, սակայն, ասում է՝ քանի դեռ չեն կարգավորվել ավելի վաղ համաձայնեցված՝ անվտանգությունն ապահովող մեխանիզմների հետ կապված հարցերը, որևէ փաստաթղթի մասին խոսելն ավելորդ է: «Այո, հիմա քննարկվում են հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր հարցեր, բայց հիմնական շեշտը, բնական է, դրվում է խաղաղության և կայութնության պահպանման վրա, որովհետև այլ բան ակնկալել շատ ու շատ դժվար է, գրեթե անհնար է:

Կողմերն ունեն լրիվ այլ՝ իրարամերժ պատկերացումներ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս առումով, առաջին հերթին պետք է պահպանել նախադրյալները կարգավորման համար: Իսկ այդ նախադրյալները խաղաղության և կայունության պահպանումն է, ուրիշ նախադրյալ չկա, մանավանդ որ և՛ Վիեննայում, և՛ Սանկտ Պետերբուրգում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որպեսզի մեխանիզմները ներդրվեն: Եթե չի ստացվում դրանք ներդնել, ինչի մասին կարելի է խոսել»,- ասաց Բաբայանը:

Համանախագահները խոսում են առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին, որի ընթացքում պետք է քննարկվի նաև երկու երկրների նախագահների հանդիպման հարցը: Ղարաբաղյան խնդիրը և կարգավորման հնարավոր տարբերակներն այս օրերին ակտիվորեն քննարկվում է նախընտրական Հայաստանում։ Անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցներին, որոնցում ևս այդ թեման մանրամասնվել է, Դավիթ Բաբայանն ասաց․

«Համոզված եմ, որ այդ մոտեցումները չեն կարող լինել կարգավորման հիմք, որովհետև իրականության հետ դրանք չեն առնչվում: Երբ շատ է խոսվում, որ խաղաղություն պետք է լինի, որ խնդրի չկարգավորված լինելու պարագայում կոռուպցիա կա և այլն, ես ուրիշ ձևով եմ մոտենում այդ հարցին՝ ի՞նչ կապ ունի այստեղ արցախյան հիմնախնդիրը: Այսինքն՝ եթե մարդը կոռումպացված է կամ իր աշխատանքը ճիշտ չի անում, ի՞նչ կապ ունի այստեղ Արցախը: Եթե արցախյան հիմնախնդիրը չլիներ, էդ մարդիկ ավելի ազնի՞վ կլինեին: Ի վերջո, մեր հակառակորդը Լյուքսեմբուրգը չէ, մեր հակառակորդն Ադրբեջանն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG