Մատչելիության հղումներ

Բրեքզիթը պաշտոնապես մեկնարկել է


Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ցուցադրում է Մեծ Բրիտանիայի վարչապետի նամակը:
Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ցուցադրում է Մեծ Բրիտանիայի վարչապետի նամակը:

Բրեքզիթը` Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու իրավական գործընթացը, պաշտոնապես մեկնարկել է:

Մի քանի ժամ առաջ բրիտանական կառավարության նիստում երկրի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրեց այն պաշտոնական նամակը, որով Լոնդոնը Բրյուսելին տեղեկացնում է Եվրամիությունը լքելու մտադրության մասին: Եվրամիության կառույցներում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմ Բարոուն Թերեզա Մեյի ստորագրած նամակը արդեն փոխանցել է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

«Կարիք չկա ձևացնելու, թե սա ուրախ օր է Լոնդոնի կամ Բրյուսելի համար: Ի վերջո եվրոպացիների մեծամասնությունը`այդ թվում բրիտանացիների գրեթե կեսը, ցանկանում էր, որ մենք շարունակենք միասին լինել: Ես չեմ պատրաստվում ձևացնել, թե այսօր ուրախ եմ: Մյուս կողմից, կարող է զարմանալի թվալ, սակայն Բրեքզիթը նաև դրական կողմ ունի: Բրեքզիթը Եվրամիության անդամ մյուս 27 պետություններին ավելի կողմնորոշված և միասնական է դարձել: Այդ տրամադրությունները կգերակշռեն նաև առաջիկայում` ծանր բանակցությունների ընթացքում», - Մեծ Բրիտանիայի վարչապետի նամակը ստանալուց անմիջապես հետո հայտարարել է Դոնալդ Տուսկը:

Բրիտանական կառավարության ներկայացուցիչները սակայն պնդում են, թե տխրելու կարիք չկա, և ամեն ինչ լավ է լինելու:

«Հիանալի օր է», - Բրեքզիթի մեկնարկն այսպես հակիրճ ու միանշանակ մեկնաբանեց կառավարության նիստից հետո Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող վարչապետի նստավայրը լքող Արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը:

Ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը ևս վստահ է, որ առաջիկա ամիսներին մեկնարկող բանակցությունների ընթացքում Մեծ Բրիտանիան ի վիճակի կլինի ընդհանուր հայտարարի գալ Բրյուսելի հետ:

«Մենք պատրաստվում ենք առկա հնարավորությունների շրջանակում Բրիտանիայի համար լավագույն համաձայնությունները ձեռք բերել` հասնելով այն կարևորագույն խնդիրների լուծմանը, որոնց ձգտում են մեր քաղաքացիները: Խոսքը նախևառաջ ներգաղթի և մեր սահմանների հանդեպ վերահսկողություն սահմանելու, նաև բրիտանական խորհրդարանի ընդունած որոշումների գերակայության մասին է: Ապագայում Բրիտանիային վերաբերող որոշումները կայացվելու են բրիտանական խորհրդարանի և բրիտանական դատարանների կողմից», - հայտարարել է Ֆիլիպ Համոնդը:

Ի տարբերություն կառավարության անդամների, շարքային լոնդոնցիները անհամեմատ ավելի հոռետես են:

«Բրեքզիթի օգտին հիմնականում քվեարկեցին տարեցները, բայց այդ քվեարկության հետևանքները ապագայում երիտասարդներն են զգալու: Դա սարսափելի քայլ էր», - Reuters-ի թղթակից հետ զրույցում նշել է բրիտանական մայրաքաղաքի բնակիչներից մեկը:

Այսպիսով մեկնարկում է մի գործընթաց, որն ըստ ամենայնի շարունակվելու է շուրջ երկու տարի: Ապրիլի 29-ին արդեն Մեծ Բրիտանիայի հետ ապագա բանակցությունների հարցը կքննարկեն Եվրամիության անդամ 27 պետությունների ղեկավարները հատուկ այս առթիվ Բրյուսելում հրավիրվող համաժողովի ընթացքում: Բայց նույնիսկ բրյուսելյան գագաթաժողովից հետո բանակցությունները չեն մեկնարկի: Նախ Բրյուսելը և Լոնդոնը պետք է պայմանավորվածությունների հանգեն ապագա բանակցությունների ձևաչափի և դրանցում քննարկվող հարցերի շրջանակի մասին: Բրիտանական մամուլի տեղեկություններով, վիճահարույց խնդիրների այդ շրջանակը բավական ընդգրկուն է` փոխադարձ ֆինանսական պարտավորություններից մինչև Եվրամիության այլ պետություններում մշտապես բնակվող բրիտանացիների իրավական կարգավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG