Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ջանք չի խնայում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև լինեն ուղղակի շփումներ. Շարպանտիե


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն բացառիկ հարցազրույց է տվել «Ազատությանը»։

«Ազատություն». - Պարոն դեսպան, այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները​ Հայաստանում են, նրանք նաև մեկնել են Լեռնային Ղարաբաղ։ Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարեց, որ առաջիկայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի հանդիպումներից հետո նախագահները չեն հանդիպել, և փաստացի երկու կողմերն էլ հայտարարել են բանակցային գործընթացի դադարեցման մասին, ի՞նչ փուլում է այսօր այս խնդիրը և ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ նախագահների հանդիպումից։

Շարպանտիե. - Նախ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ջանք չի խնայում, որպեսզի դինամիկան ավելի թարմանա։ Մենք հետաքրքրված ենք նրանով, որ կարողանանք հնարավորինս այնպես անել, որպեսզի երկու կողմերի միջև լինեն ուղղակի շփումներ, որովհետև խնդիրը վերաբերում է երկու կողմերին։ Ինչպես Դուք նշեցիք, համանախագահները տարածաշրջանում են, երկուշաբթի օրը հանդիպեցին հանրապետության նախագահին, նաև՝ արտգործնախարարին, երեկ և այսօր նրանք արդեն Ստեփանակերտում են, ուստի գաղափարն է՝ առավելագույնս ջանքեր գործադրել, որպեսզի նորից վերսկսվի ուղղակի երկխոսությունը։ Իսկ Ֆրանսիան միշտ ասել է, նաև Հայաստանի նախագահի՝ մարտի 8-ին այցի առիթով Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց իր կարծիքը, որ եթե հասնի այդ պահը, Ֆրանսիան պատրաստակամ է նորից հյուրընկալել նմանատիպ հանդիպում։ Եվ մի կետ, որի վրա ես կցանկանայի անպայման շեշտադրում կատարել՝ անհրաժեշտություն է վստահության մեխանիզմների ներդրումը, որովհետև հնարավոր չէ ենթադրել բանակցային գործընթաց՝ առողջ և արդյունավետ, առանց որոշակի վստահության մեխանիզմների ներդրման։ Ի դեպ, այս հարցի առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ-Պետերբուրգում, և հաստատվել է այս դրույթը։

«Ազատություն». - Պարոն դեսպան, մենք գիտենք, որ տարեսկզբից սահմանում լարվածությունը չի թուլանում, երեկ ևս հայտարարվեց հակառակորդի կրակից հերթական զոհի մասին։ Սովորաբար նման դեպքերում հնչում են ուղերձներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության կողմից, լինում են տարածաշրջան այցեր, այդուհանդերձ, դա կարծես թե չի թուլացնում լարվածությունը սահմանին: Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, գուցե ուղերձներն այնքան էլ հասցեական չե՞ն։

Շարպանտիե. - Մենք բոլորս փաստում ենք, բայց և ավաղ՝ կանոնավոր կերպով, որ ստատուս քվոն բավարար չէ, ակնհայտ է, որ այնքան ժամանակ, քանի դեռ մենք կգտնվենք այնպիսի մի իրավիճակում, երբ երկու երկրներ, այս պարագայում մենք գտնվում ենք Հայաստանում, ասեմ՝ Հայաստանը, վտանգված են՝ լարվածության սրմամբ և հրադադարի ռեժիմի խախտմամբ, բնականաբար, իրավիճակը չի կարող դյուրին դառնալ, և, բնականաբար, ակնհայտ է, որ պետք է փորձել հարցը գտնել դիվանագիտական ճանապարհով, ամեն դեպքում՝ այնպիսի մի լուծում հայտնվի, որն ընդունելի լինի երկու կողմերի համար և երևի թե նաև ինչ-որ մի տեղ փոխզիջումների վրա հիմնված։ Ես հասկանում եմ, որ դա երկար, մեծ աշխատատարություն պահանջող առաքելություն է։ Համանախագահներն անընդհատ կապի մեջ են և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ։ Այստեղ մեկ անգամ ևս անդրադառնամ իմ հանրապետության նախագահի՝ պարոն Օլանդի խոսքերին, որ մարտի 8-ի այցի շրջանակներում ասաց Սերժ Սարգսյանին և այդ նույն ուղերձը փոխանցվեց նաև Ալիևին, որ ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել՝ բնականաբար հենց թեկուզ անվտանգության տեսանկյունից, և երկրորդը՝ երկու երկրներից ոչ մեկի համար շահեկան չէ ստատուս քվոյի այդ պահպանումը։

«Ազատություն». - Եվրամիությունը մեծ գումարներ է տրամադրել Հայաստանին՝ 7 միլիոն եվրոյի սահմաններում, որպեսզի Հայաստանում նոր մակարդակի ընտրություններ լինեն՝ ապահովության, վստահության մեխանիզմներով: Եթե Հայաստանը չարդարացնի եվրոպական ընտանիքի սպասումները, արդյո՞ք դրանից կտուժեն հայ-եվրոպական հարաբերությունները և, բնականաբար, առաջին հերթին այդ նախաստորագրված փաստաթուղթը։

Շարպանտիե. - Մոտակա կիրակի օրը նախատեսվող ընտրությունները հիմնարար նշանակություն ունեն Հայաստանի համար, և նաև, ինչու ոչ, Ֆրանսիայի համար, ճիշտ այնպես, ինչպես Եվրամիության և միջազգային հանրության համար, այսինքն՝ թե ինչ պետք է կատարվի կիրակի օրը Հայաստանում։ Հիմնարար է, որ ընտրողները վստահ լինեն և կարողանան գնալ քվեարկելու այնպես, ինչպես իրենց խիղճը, գիտակցումը կթելադրի, և դրա համար Եվրամիությունը որոշեց այսպիսի մի կարևոր մասնակցություն ցուցաբերել՝ 7 միլիոն եվրո, դա նշանակալի գումար է, որպեսզի ներդրվեն վստահության այնպիսի մեխանիզմներ՝ տեսախցիկներ, ինքնությունը պարզող սարքավորումներ, որպեսզի բացառվեն ճնշումները ընտրողների վրա, որպեսզի ընտրողը հնարավորինս ազատ կարողանա ընտրել իր թեկնածուին․ սա շատ հիմնարար է ու կարևոր, առհասարակ շատ կարևոր է ժողովրդավարության մեջ։ Սա քաղաքական գործընթացի նկատմամբ երկուստեք պատասխանատվություն է, այսինքն՝ որ ազգը կրողն է ինքնիշխանության, սուվերենության և այդ իշխանությունը լիազորում է, տալիս է ընտրյալին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG