Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն մերժեց ընդդիմադիրների դիմումը՝ ՀՀԿ գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքի պահանջը՝ Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին հայցով դատարան դիմելու վերաբերյալ:

ՕՐՕ դաշինքը պահանջել էր ՀՀԿ-ի գրանցումը ճանաչել անվավեր՝ հիմնվելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հեռախոսային ձայնագրությունների վրա, որոնք վկայում են՝ դպրոցների ու մանկապարտեզների 114 տնօրեններ իշխող կուսակցության համար ընտրողներ են ցուցակագրել։ Ընդդիմադիր դաշինքը եզրակացրել էր, որ իշխող քաղաքական ուժը «ակնհայտորեն չարաշահել է վարչական ռեսուրսը»:

«Հանձնաժողովը, ուսումնասիրելով դիմումին կից ներկայացված ձայնասկավառակը, պարզել է, որ դրանք կատարվել են առանց մյուս կողմի իմացության, ձայնագրություն իրականացնող անձինք հեռախոսազրույցի ընթացքում հանդես են եկել գոյություն չունեցող անձանց անունից: Ձայնասկավառակում առկա ձայնագրությունների ուսումնասիրմամբ պարզվում է, որ ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողների մի մասը ընդգրկված են եղել կուսակցությունների նախընտրական փուլում իրականացվող կազմակերպչական որոշակի աշխատանքներում, որի շրջանակներում կազմել և ներկայացրել են կուսակցության համախոհների և կուսակցության օգտին քվեարկելու տրամադրված անձանց ցուցակներ: Այդ ցուցակների կազմումը ինքնին Ընտրական օրենսգրքի իմաստով չի հանդիսանում նախընտրական քարոզչություն», - հիմնավորեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ շարունակելով․ - «Դատարան դիմելու համար միայն խախտման մասին հաղորդումը բավարար չէ: Այն պետք է ունենա այնպիսի որակական հատկանիշներ, ինչպիսիք են շարունակականությունը կամ հետևանքների վերացման անհնարինությունը և դրանց էական ազդեցությունը ընտրությունների վրա: Միայն այսպիսի համակցության պարագայում է, որ Հանձնաժողովն իրավասու է դիմել դատարան, իսկ նման համակցությունը հավաստող ապացույցներ վարչական վարույթի քննման ընթացքում ձեռք չբերվեցին»:

Մուկուչյանի փոխանցմամբ, ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ նաև դիմել էր դպրոցների տնօրեններին՝ բացատրություն ստանալու նպատակով:

Բացի մերժումից, ԿԸՀ-ն նաև որոշեց, որ Գյումրու թիվ 37 դպրոցի վերաբերյալ ձայնագրությունը կուղարկվի Գլխավոր դատախազություն: Ըստ ներկայցված ձայնագրության, Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը խոսում է 1700 հոգանոց ցուցակի մասին՝ նշեով, որ դրանում ընդգրկված ընտրողների հետ երկար ժամանակ աշխատել են՝ նույնիսկ վախեցնելով: Ըստ Մուկուչյանի, տնօրենի հետ արված ձայնագրության մեջ առերևույթ սպառնալիք է հնչում, ուղարկում են դատախազություն, որպեսզի պարզվի կա՞ հանցագործություն, թե ոչ:

Արդեն նիստից հետո «Ազատության» հետ զրույցում Մուկուչյանն ասաց․ - «Մենք գտնվում ենք իրավական հարթությունում և իրավական գնահատական ենք տալիս այդ դիմումին: Ես կարծում եմ, որ այն հիմքերը, որոնք կային՝ ձայնագրությունները, և վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված բացատրությունները․․․ Եվ այդ ամենի ուսումնասիրմամբ, ինչպես նաև հիմք ընդունելով Ընտրական օրենսգրքի կանոնակարգումները, իրականացվել է իրավական գործընթաց»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG