Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ «Հայաստանը ինձ Լապշինի հարցով երբեք չի դիմել»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Մինսկը մտադիր չէ վիճաբանել Հայաստանի կամ Ադրբեջանի հետ, ընդունելով միաժամանակ, որ կան սուր հարցեր, օրինակ՝ Ղարաբաղը:

«Դա իմ խնդիրը չէ, կան հակամարտող կողմեր, սակայն իմ դիրքորոշումը հստակ է՝ մարդիկ պետք է արժանավայել ապրեն, իսկ ես չեմ հավատում, որ այսօր Լեռնային Ղարաբաղում մարդիկ լավ են ապրում: Այդ մասին խոսք անգամ չի կարող լինել, երբ ամեն վայրկյան կարող է գլխիդ մի բան ընկնել ու կյանքիդ վերջ տալ», - ըստ պաշտոնական հաղորդագրության, ասել է Լուկաշենկոն՝ հրաժեշտի հանդիպում ունենալով Մինսկում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ:

Բելառուսի նախագահն անդրադարձել է նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բաքվին, տարակուսելով՝ Հայաստանն այստեղ ի՞նչ կապ ունի: «Հայաստանը ինձ Լապշինի հարցով երբեք չի դիմել, ոչինչ չի ասել, Ադրբեջանի կողմից հետախուզում էր հայտարարվել, մենք էլ ձերբակալել էինք, ո՞ւմ պետք է հանձնեինք», - ասել է Բելառուսի նախագահը՝ պնդելով, թե ձերբակալության մասին տեղյակ է պահվել նաև Ինտերպոլը:

«Առաջին անգամ այս մասին հրապարակավ հայտարարում եմ՝ Լապշինը երեք երկրի քաղաքացի է, այդ երկրներից որևէ մեկը չէր ուզում նրան վերցնել», - հավաստիացրել է Լուկաշենկոն՝ պնդելով, թե արտահանձման հարցը հետագայում է դարձել շահարկման թեմա․ - «Յուրաքանչյուր կողմ այն օգտագործում է, ինչպես իրեն է ձեռնտու»:

Երկու անգամ Լեռնային Ղարաբաղ այցելած՝ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվեց Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար: Բելառուսը փետրվարի 7-ին բլոգերին արտահանձնեց Ադրբեջանին, ինչին Հայաստանում կոշտ արձագանքեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG