Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները պահանջում են անվավեր ճանաչել ՀՀԿ-ի գրանցումը


Իշխող կուսակցության համար ընտրողների ցուցակագրած 114 տնօրենների հետ զրույցների ձայնագրությունների հրապարակումից հետո քրեական գործ հարուցված չէ, թեև դրանցից մեկում նկատելի են քրեական հանցագործություն հատկանիշներ, մյուս 113 ձայնագրությունների պարագայում կան վարչական իրավախախտման տարրեր, «Ազատությանը» տեղեկացրին դատախազության լրատվության բաժնից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ դեռ ուսումնասիրում են կազմակերպության տրամադրած ձայնագրությունները։

Մինչ այդ՝ ընտրության մասնակիցներից «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն արդեն դիմել է հանձնաժողովին, պահանջել ՀՀԿ-ի գրանցումը ճանաչել անվավեր՝ հիմնվելով հեռախոսային ձայնագրությունների վրա, որոնք վկայում են՝ դպրոցների ու մանկապարտեզների 114 տնօրեններ իշխող կուսակցության համար ընտրողներ են ցուցակագրել։

«Դա, ես կարծում եմ, բավարար ապացույց է, որպեսզի իրոք Հանրապետական կուսակցության մասնակցությունը այս ընտրություններին չեղյալ համարվի», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը: - «Դա ընդամենը դպրոցներին է, ես կարող եմ վստահաբար ասել, որ նույնը վերաբերում է հիվանդանոցներին, բուհերին, բոլոր պետական կառույցներին, նախարարություններին», - հավելեց նա:

ԿԸՀ-ն ՕՐՕ դաշինքի դիմումն ուսումնասիրելուց հետո նիստ ընթացքում կորոշի՝ դիմել դատարան, թե ոչ:

«Այն հաստատությունները, որտեղ մեր երեխաները պիտի ստանան իրենց քաղաքացիական կրթությունը իրավունքի, օրենքի, հպարտ քաղաքացիներ լինելու մասին, իրենք զբաղված են ընտրակեղծիքով», - հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նույն պահանջով Կենտրոնական ընտրական հանձնաժողով կդիմի նաև «ԵԼՔ» դաշինքը։ Պատգամավորության թեկնածու, իրավաբան Արտակ Զեյնալյանը տնօրենների կողմից ՀՀԿ-ի համար մասսայաբար աշխատելն ու վարչական ռեսուրսը համակարգված իշխող կուսակցությանը ծառայեցնելը ոչ միայն Ընտրական օրենսգրքի, այլ Սահմանադրության խախտում է որակում։ - «Սահմանադրական դրույթ են խախտել՝ ազատ ընտրությունների դրույթն է խախտված, կամքի ազատ ձևավորման վրա ազդեցությունը՝ օգտագործելով վարչական լծակները: Կամքը պետք է ազատորեն ձևավորվի, դրա համար էլ մարդիկ չեն հավատում ընտրական ինստիտուտներին, ինչի մասին Սահմանադրական դատարանը մի քանի անգամ ասել է: Սա քարոզչություն չէ, սա տեռոր է ուղղակի: Դպրոցները շատ լուրջ ազդեցություն ունեն մարդկանց վրա, սա համընդհանուր բնույթ է կրում, սա մթնոլորտում կախված է», - նշեց Զեյնալյանը:

«Ծառուկյան» դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով չի դիմի։ Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ ո՛չ դատախազությունը, ո՛չ ԿԸՀ-ն չեն փորձի պատժել օրենքը խախտած տնօրեններին, թաղապետարանների և քաղաքապետարանների աշխատակիցներին, քանի որ Հանրապետական կուսակցության հայտարարությունն արդեն կանխել է նրանց քայլերը: Հիշեցնենք՝ իշխող Հանրապետականը ուրբաթ օրը հայտարարեց, որ «ձայնագրությունների զգալի մասի ուսումնասիրությունից հետո Ընտրական օրենսգրքի խախտում» չեն տեսել։

«Իսկ մեր երկրում Հանրապետական գրասենյակի ցանկացած հայտարարություն շատ ավելի բարձր իրավական ուժ և կարգավիճակ ունի, քան դատախազությունը, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Իրենք արդեն հայտարարեցին, որ սա օրենքի սահմաններում է: Ուստի մի զվարճացրեք ինձ ասելով, որ դատախազությունը կամ ԿԸՀ-ն կարող է իր վերադաս մարմնի, այն է՝ Հանրապետական կուսակցությունից տարբերվող որոշում կայացնել», - մեկնաբանեց Նաիրա Զոհրաբյանը:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ևս խոսում է ընտրություններին իշխող Հանրապետականի մասնակցությունը կասեցնելու անհրաժեշտության մասին, բայց նաև պահանջում են կրթության նախարար, ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանի հրաժարականը՝ դնելով «քաղաքական պատասխանատվության խնդիր»։

ՀՅԴ ղեկավար անդամ Կիրո Մանոյանի խոսքով, սակայն, ՀԱԿ-ի պահանջը հիմնավոր չէ․ - «Երևի փորձում են դրանով էլ քաղաքական ինչ-որ դիվիդենտ շահել այս քարոզարշավի փուլի մեջ: Հատկանշականը այս բոլորի մեջ այն է, որ նախարարը դաշնակցական է, իսկ այդ տնօրենները կամ մանկապարտեզների վարիչները փաստորեն աշխատել են Հանրապետական կուսակցության օգտին: Դրա համար էլ՝ ինչի՞ մասին է խոսքը»:

Ինքը, արձակուրդում գտնվող դաշնակցական նախարարը աշխատանքային ժամին կուսակցական գործունեություն ծավալելը բացարձակ անընդունելի է համարում:

«Անընդունելի է, եթե օգտագործվել է աշխատանքային ժամը։ Ես ուղղակի, որպես կրթության նախարար, բոլոր կուսակցություններին պիտի խնդրեմ խնայել կրթական համակարգը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լևոն Մկրտչյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG