Մատչելիության հղումներ

Հոգլանդ․ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն առաջիկայում կարող են հանդիպել


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդ, Երևան, 27-ը մարտի, 2017 թ․
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդ, Երևան, 27-ը մարտի, 2017 թ․

Ամերիկացի միջնորդն այսօրվա ճեպազրույցում անդրադարձավ նաև լրատվամիջոցներում հաճախ շրջանառվող, այսպես կոչված՝ «Լավրովի ծրագրին»:

Առաջիկայում հանդիպում են ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները՝ նպատակ ունենալով հիմք նախապատրաստել երկու երկրների նախագահների հանդիպման համար: Այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

«Մենք՝ ներառյալ մեր երկրների քաղաքական ղեկավարությունները, մշտապես աշխատում ենք՝ գտնելու այն պայմանները, որոնք թույլ կտան կազմակերպել [Հայաստանի ու Ադրբեջանի] արտգործնախարարների, կամ նույնիսկ նախագահների հանդիպումը: Այս պահին գործընթաց կա: Տեղյակ եք, որ երկու արտգործնախարարներն առանձին-առանձին հանդիպումներ ունեցան Մոսկվայում: Հույս ունենք, որ մոտ ապագայում, ոչ ամիսներ անց, երկու արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում կամ հավանաբար այլ վայրում՝ հող նախապատրաստելու նախագահների հանդիպման համար»,- մանրամասնեց Հոգլանդը:

Ամերիկացի դիվանագետը նշեց՝ Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը մեկնելու են Ստեփանակերտ՝ «համոզվելու, որ յուրաքանչյուր ոք տեղյակ է, թե ինչ [հակամարտության կարգավորման] հնարավորություններ կան»: «Որովհետև ժամանակն է կրկին բանակցելու: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս երկարատև խնդիրը կարգավորվի բռնությունների միջոցով: Բռնությունը պատասախան չէ, այն քանդում է ընտանիքները, վնասում է տնտեսությունները: Ուստի՝ մենք պետք է փնտրենք ամենադրական լուծումը և մեր՝ համանախագահների աշխատանքն է՝ քաջալերել, որ բանակացային գործընթացը շարունակվի»,- ասաց ամերիկացի միջնորդը:

Ռիչարդ Հոգլանդը, որն, ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն ներկայացնելու է մինչև այս տարեվերջ, անդրադարձավ նաև լրատվամիջոցներում հաճախ շրջանառվող՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման «Լավրովի ծրագրին»: «Մենք այն չենք կոչում «Լավրովի ծրագիր», սակայն, անշուշտ, սեղանին դրված է ծրագիր: Այն շատ համապարփակ ծրագիր է, բաղկացած է երեք մասից, սակայն, ճիշտ չի լինի, եթե ես ձեզ մանրամասներ հաղորդեմ, որովհետև բանակցող երկու կողմերը պետք է աշխատեն տարբեր ասպեկտների շուրջ: Դիվանագիտությունը նման է թղթախաղի, երբ քարտերը քո ձեռքում են, ամբողջը չես նետում սեղանին, որ բոլորը տեսնեն»,- պատկերավորեց Հոգլանդը:

«Ազատության» հստակեցնող հարցին՝ արդյո՞ք այդ ծրագիրը նախաձեռնել է Ռուսաստանը, նա այսպես արձագանքեց․ «Դժվար է պատասխանել այդ հարցին: Տարիների ընթացքում կարգավորման մի քանի ծրագիր եմ կարդացել: Այժմ սեղանին առկա ծրագիրը արմատապես չի տարբերվում նախկինում եղածներից: Թե ով է կամ որ երկիրն է հեղինակել այդ ծրագիրը, չեմ պատրաստվում մեկնաբանել, սակայն, կարող եմ ասել, որ այն շատ լավն է և միջազգային հանրության կողմից հավանության է արժանացել: ԵԱՀԿ-ն, համանախագահները և համանախագահների կառավարությունները հավանություն են տվել այդ ծրագրին»:

Լրագորղներից մեկի հարցին՝ Հայաստանի և Ադրբեջանի համար ընդունելի՞ է սեղանին դրված կարգավորման ծրագիրը, ամերկացի դիվանագետը պատասխանեց․ «Կասեի, որ երկու կողմերը հստակորեն պատկերացնում են, թե ինչ է իրենից ներկայացնում ծրագիրը: Սա չի նշանակում, թե կողմերը համաձայնություն են տվել դրան: Սեղանին առկա ծրագիրը շատ մանրամասն է, հստակ է, և ես վստահ եմ, որ բոլոր կողմերի իշխանությունները հասկանում են, թե ինչ կա դրանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG