Մատչելիության հղումներ

Փաշինյան․ «Սերժ Սարգսյանը տանուլ է տվել Հայաստանի ազգային անվտանգությունը»


ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը նորություն չի համարում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե վերջինս չի պատրաստվում 2018 թվականից հետո հեռանալ:

Շաբաթ օրը Ղարաբաղի զորամասերից մեկում զինծառայողների և նրանց ընտանիքիների անդամների առջև իր խոսքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե Հանրապետականը հաղթի գալիք ընտրություններում, ապա ինքը ինչ-որ կարգավիճակում իր դերը կունենա անվտանգության ապահովման հարցում՝ չմանրամասնելով, այդուհանդերձ, թե ինչ պաշտոնի է հավակնում։

Արամ Մանուկյան
Արամ Մանուկյան

«Փորձելու է ոչ թե շարքային պաշտոն, այլ թելադրող պաշտոն», - ասաց Մանուկյանը: - «Դա կարող էլինել․․․ չի բացառել ո՛չ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, ո՛չ վարչապետի պաշտոնը: Այդ երկուսը այսօր իշխանություն կրող, լուրջ իշխանություն կրող պաշտոններ են, քանի որ չկա թիվ մեկ պաշտոնը՝ ընտրովի նախագահի պաշտոնը, ապա այդ իշխանությունը իջել է ներքև՝ Ազգային ժողովի նախագահ և վարչապետ»:

Նախագահ Սարգսյանը իր ելույթում շեշտել է, թե ապրիլի 2-ին պետք է վստահել այն ուժին, որը կարող է կազմակերպել պաշտպանությունը, և շարունակել է՝ Գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերը կիրառելիս․ - «Մենք պետք է ունենանք անվտանգության ուժեղ ձեռք»։

Արամ Մանուկյանը մեծ հակասություն է տեսնում Հանրապետականի առաջարկած ու սահմանադրական հանրաքվեով անցկացված խորհրդարանական համակարգի և անվտանգության ոլորոտում «ուժեղ ձեռքի» անհրաժեշտության միջև․ - «Ցանկացած պահի ինքը «Իսկանդեր» արձակելու իրավունքը իսկապես պետք է ունենա․ կար Սահմանադրությունում: Իսկ հիմա դեռ պետք է դու որոշես՝ պատերազմակա՞ն վիճակում ես, թե՞ խաղաղ վիճակում ես: Եթե ուզում եք ընտրեք վտանգավոր Հայաստան, արկածախնդիր Հայաստան, գնացեք ընտրեք էս իշխանություններին: Որովհետև վերջին քսան տարիների, երբ որ իշխանափոխություն է տեղի ունեցել, ոչ կամավոր՝ հեղաշրջում է տեղի ունեցել, էս մարդիկ խոստացել են ավելի ապահով Հայաստան, ավելի ապահով Արցախ: Քսան տարիները ցույց են տվել, որ գնացել ենք ամբողջապես հակառակ ուղղությամբ, կորուստների ուղղությամբ, արտագաղթի ուղղությամբ»:

«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար և «Ծառուկյան դաշինքի» պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը անվտանգության մասին խոսող իշխանություններին հորդորում է սահմանամերձ համայնքները գնալ և տեսնել, թե ինչ վիճակում են գյուղերը, նաև՝ նրանց առաջարկում է ցույց տալ այն պաշտոնյաներին, ում զավակները առաջնագծում են․ - «Ասեք Հանրապետական կուսակցությանը ցույց տան, ներկայացնեն անուններ բարձրաստիճան պաշտոնյաների, ում երեխաները ծառայում են առաջնագծում, որոնց դիրքերը առաջնագիծն ա, ոչ թե ասել են՝ բալիկ ջան, քո խրամատը Փարիզն ա, քո խրամատը Լոնդոնն ա»:

Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան

Ղարաբաղում Սերժ Սարգսյանը նաև քննդատություն էր հնչեցրել ընտրարշավին մասնակցող այլ ուժերի հասցեին՝ նրանց պոպուլիստական հայտարարությունների մեջ մեղադրե․ - «Ով չի ընկալել սեփական հողի վրա մեր ժողովրդին բնաջնջելու հռետորության վտանգները, կարող է շարունակել չեղած գումարներով թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու կամ բնակչությանը գրեթե անվճար հոսանք ու գազ մատակարարելու գլուխգովանությունը»:

«Ծառուկյան դաշինքում», որի 15 կետերի շարքում են հոսանքի ու գազի գների իջեցումը, թոշակներն ու աշխատավարձերը բարձրացումը, պնդում են, որ այդ խոստումների հիմքում հաշվարկներ ունեն․ - «Որ պետք ա կտրուկ վերանայել գազի սակագնի սահմանման մեթոդաբանությունը: Էդ մեթոդաբանության հետ մենք համաձայն չենք» (Միքայել Մելքումյան):

Նախագահ Սարգսյանի շաբաթօրյա ելույթում ակնարկ կար նաև բակերում ու ավտոտնակների տանիքներից քարոզարշավ իրականացնող «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանի հասցեին․ - «Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում»:

Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանը Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ժողովրդին հուսահատության փոսից հանելու համար պատրաստ են անգամ ցատկոտել տանիքներին․ - «Եվ ոչ թե Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի դաշինքի, Դաշնակցության, մյուսների նման ցատկոտել Սերժ Սարգսյանի ստեղծած հայրենիք տնտեսում»:

Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարեց՝ ժողովրդին հուսահատության փոսից հանելու համար պատրաստ են ցատկոտել տանիքներին․ - «Նա մեզ ասում է, թե իրեն դուր չի գալիս, որ մենք տանիք ենք բարձրանում: Բայց կներեք, այսօր Հանրապետական կուսակցությունը որպես պատգամավորի թեկնածու առաջադրել է մարդկանց, ովքեր 10 տարի Ազգային ժողովի պատգամավոր լինելով ոչ միայն տանիք, այլև Ազգային ժողովի ամբիոն չեն բարձրացել: Այդ մարդկանց ինչի՞ համար եք պատգամավորի թեկնածու առաջադրել»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը Հայաստանի անվտանգության ապահովելու իր պատրաստակամության և գործադրած ջանքերի մասին՝ Փաշինյանը պնդեց՝ այսօր Սերժ Սարգսյանն է Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծած անձը․ - «Ինչքան էլ «Իսկանդերը» գերժամանակակից տեխնիկա լինի, դա չի կարող 80-ականների խոդ չընկնող տանկերի հետ մեկ միասնական անվտանգային համակարգ դառնալ: Դա նույնն է, թե որևէ մեկը փորձի 80-ականների արտադրած խորհրդային Рекорд հեռուստացույցը կառավարել Panasonic հեռակառավարման վահանակի օգնությամբ: Սերժ Սարգսյանը տանուլ է տվել Հայաստանի ազգային անվտանգությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG