Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է»


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքականությամբ ուղղորդված բանտարկություն է, և հետևաբար, ըստ Հովհաննիսյանի, Բաբայանը քաղբանտարկյալ է։

«Սա որ արվում է ընտրությունների նախաշեմին, արվում է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ինչ-որ դիվանագիտական խոսակցությունների ֆոնին, ակնհայտ է։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, որ առաջին նախագահն ասում է՝ «դուք ընտրված եք, դուք դավաճան չեք», իսկ Հանրապետականը հրճվում է՝ «մեկը մեզ ասաց, որ մենք ընտրվել ենք, տեսա՞ք, իսկ մենք դավաճան չենք»։ Այնպես որ, այս ամեն ինչը՝ թե՛ ընթացակարգը, թե՛ բովանդակությունը բերում է նրան, որ սա քաղաքականությամբ ուղղորդված բանտարկություն է։ Տվյալ դեպքում ինքը [Բաբայանը] համակիր է շարժմանը, այսինքն մեր դաշինքին՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, և ինքը ազդեցիկ քաղաքացի է, ինքը ազդեցիկ քաղաքացի է, ում խոսքը քաղաքացիները լսում են, և այդ ազդեցիկությունը, իր համակրանքը մեր դաշինքի նկատմամբ, մեր դաշինքի գործունեության աճը այս վերջին շաբաթների ընթացքում բերել է նրան, որ վտանգ է զգացել այս իշխանությունը, և ինքը քաղաքական բանտարկյալ է, որովհետև ինքը կողմնորոշվել է քաղաքական այս պայքարում՝ մեկ, և երկրորդ, ինչ վերաբերում է արցախյան հարցին՝ ինքը ունի ընդգծված մոտեցում, ինչը որ նաև մերն է, որը չի կիսում այս իշխանությունը», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ «իշխանությունները փորձում է չեզոքացնել բոլոր այն ձայները՝ հասարակության մեջ, քաղաքական պայքարի մեջ, որոնք ուզում են արդար Հայաստան, իրավական Հայաստան և Արցախի հարցով չեն ընդունում այս իշխանության քաղաքականությունը»։

Հարցին, թե տեսակետ կար, որ Սամվել Բաբայանը, չլինելով դաշինքի անդամ, շատ կարևոր դեր է խաղացել այնտեղ, Արևմուտքում հաճախ ասում են, թե ստվերային առումով նույնիսկ կոորդինացրել է որոշ բաներ, կարելի՞ է այդ տեսակետը ճիշտ համարել, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ես չէի ասի, որ կոորդինացրել է, բայց այն, որ ինքը սերտ կապ ունեցել է դաշինքի ղեկավարների հետ, գեներալ Օհանյանի հետ, և ինքը գաղտնի չի պահել իր կապը և իր համակրանքը մեր դաշինքի նկատմամբ։ Ջրառատի արյունահեղության հետքերով, որ նախաձեռնեց այս օրենքից դուրս գտնվող իշխանությունը, հենց Բաբայանն էր, որ պատասխանեց, իր զորակցությունը հայտնեց և ասաց, որ եթե այսպես շարունակվի՝ այս բռնարարքները, այս ճնշումները, արյունահեղությունը, սա պետք է իր պատասխանը գտնի՝ հույսով եմ՝ ընտրությունների միջոցով, իսկ, եթե ոչ՝ ժողովուրդն ինքը պետք է որոշի»։

Սամվել Բաբայանը, հիշեցնենք, ձերբակալվեց մարտի 22-ին։ Ձերբակալությունից երկու օր անց՝ մարտի 24-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և Բաբայանին երկու ամսով կալանավորեց։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 26-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG