Մատչելիության հղումներ

«Կրկնակի քվեարկությունը գրեթե բացառվում է»․ ԿԸՀ-ն փորձարկեց նոր սարքավորումները


ՀՀ ԿԸՀ նիստ, արխիվ
ՀՀ ԿԸՀ նիստ, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր փորձարկեց տեխնիկական սարքավորումները, որոնց միջոցով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ընտրողները պետք է քվեարկեն: Հատուկ սարքը նախ կարդալու է քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը, այն ճանաչելուց հետո ընտրողը պետք է աջ ձեռքի ցուցամատը հպի սարքին, համապատասխան թուղթը հայտնվելուց հետո, արդեն քվեախցում ընտրողը կկատարի իր ընտրությունը:

Ե՛վ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, և՛ ընտրական նոր համակարգի նախաձեռնողներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցնում են՝ այս մեխանիզմը բացառում է կրկնակի քվեարկության հնարավորությունը: Ապացուցելու համար Հարությունյանը փորձեց երկու անգամ քվեարկել, սակայն սարքավորումը ազդանշանի միջոցով տեղեկացրեց ընտրական խախտումի մասին:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ և՛ այս սարքավորումները, և՛ քվեարկությունից հետո ընտրողների հրապարակված ցուցակները գրեթե բացառում են ընտրախախտումները:

«Տպվում է հատուկ կտրոն, որը կոչվում է «Կրկնակի գրանցման փորձ», որի մեջ զետեղված է ողջ տեղեկատվությունը, թե այդ ընտրողը մինչ այդ ժամը քանիսին, որ անձնագրով փորձել է գրանցվել: Սա ևս շատ կարևոր է, որովհետև դա փաստացի այն արձանագրումն է, որը պետք է աներ, ենթադրենք, հանձնաժողովը կամ ոստիկանը», - ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

«Ազատություն»-ը Հարությունյանին հիշեցրեց, որ այսօր շատ է խոսվում ոչ թե ընտրատեղամասերում կատարվելիք, այլ հենց քարոզարշավի ընթացքում կատարվող խախտումների, վարչական ռեսուրսի կիրառման մասին: Ավելին՝ երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը ցուցակ էր հրապարակել, որում ընդգրկված՝ Հայաստանի 136 դպրոցներից և մանկապարտեզներից 114-ի տնօրենները խոստովանում էին, թե իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ:

«Սա ընտրակեղծիք Դուք որակում ե՞ք», - «Ազատության» այս հարցին Դավիթ Հարությունյանը արձագանքեց․ - «Ընդհանուր գնահատականը ես հիմա, կարծում եմ, տալ չեմ կարող, ինչու՝ որովհետև պետք է մանրամասն ուսումնասիրեմ: Ես մի քանի հատն եմ երեկ հասցրել, ցավոք սրտի՝ կայքը շատ ծանրաբեռնված էր, և ինչ-որ մի պահից դադարեց արձագանքել, ես մի քանի հատը ստուգեցի, որոնցից մեկում ես որոշակի խնդիր տեսա, իսկ երկուսում ոչ մի խնդիր չտեսա: Այն մեկում, որում ես որոշակի խնդիր տեսա, դա չի նշանակում, որ ես ակնհայտորեն կարող եմ հիմա պնդել, որ առկա է ընտրախախտում, կամ ընտրական օրենսդրության խախտում, կամ էթիկայի կանոնների խախտում, մինչև իրականում յուրաքանչյուր դետալ չիմանամ»:

Նոր սարքավորումների փորձարկմանն այսօր ներկա էին նաև միջազգային կառույցների ներկայացուցիչները, դեսպանները: Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նոր ընտրական համակարգը հուսադրող է, թեպետ ոչ ոք չի կարող երաշխավորել 100-տոկոսանոց ազատ և թափանցիկ գործընթաց:

«Բայց ես շատ վստահ եմ, որ այս սարքավորումները, ուղիղ հեռարձակումը, ընտրություններից հետո քվեարկողների ցուցակի հրապարակումը, ընտրական համակարգի բոլոր փոփոխությունները տեղի կունենան այս ընտրություններում, և կան շատ մեծ երաշխիքներ, որոնք կկանխեն կեղծիքները, կրկնակի քվեարկության դեպքերը», - ընդգծեց ԱՄՆ դեսպանը:

Միլսը հորդորեց ընտրողներին չվախենալ՝ հիշեցնելով, որ որևէ մեկը չի կարող իմանալ, թե ում օգտին է կատարվել քվեարկությունը:

Ի պատասխան «Ազատության» դիտարկման, որ ընտրախախտումների, մասնավորապես ընտրակաշառքների մասին շատ հաճախ բարձրաձայնում են ընդդիմադիր պատգամավորները, Միլսն ասաց, որ ինքն էլ կարդում է այդ հոդվածներն ու զեկույցները, թեպետ դեռևս հստակ, կոնկրետ դեպք չի տեսել, սակայն կարծում է, որ դրանք իրոք մտահոգիչ են:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է անպայման ուշադրություն դարձնի դպրոցների տնօրեններին առնչվող զեկույցին» ,- ընդգծեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեպանը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից «Ազատություն»-ը տեղեկացավ, որ դպրոցների և մանկապարտեզների տնօրենների սկանդալային հեռախոսազրույցների վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվում:

«Սա ընտրախախտում համարո՞ւմ եք», - «Ազատության» այս հարցին Մուկուչյանը պատասխանեց․ - «Խնդիրը հետևյալն է՝ նախ, ուրեմն, այդ ձայնագրությունների հետ կապված՝ բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն [«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել] Իոաննիսյանին, վերցրել ենք, հիմա գնում են ուսումնասիրություններ, որովհետև պետք է էդ ամբողջը լսել, յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է մեկ ինքնուրույն փաստական հանգամանք: Կլսենք և արդյունքում արդեն ինչպիսին կլինեն դիրքորոշումները՝ դրանց վերաբերյալ կիրազեկենք»:

Հավելենք նաև, որ այսօր ԿԸՀ արտահերթ նիստում քննարկվելու է «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դիմումը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Փաստաբանը ապացույցներ է ներկայացրել Ծաղկալանջ գյուղում հրապարակված տեսանյութի առնչությամբ, որտեղ ճանապարհը ասֆալտապատելու դիմաց Մովսիսյանն ակնկալում էր ստանալ այդ և հարևան գյուղի ձայները: Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն էր տարածել, որ խախտման վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են կուսակցության լիազոր ներկայացուցիչներին և պահանջել դադարեցնել խախտումն ու հետագայում օրենքի նման խախտումներ թույլ չտալ։

Դավիթ Հարությունյանից այսօր ճշտեցինք՝ Առաքել Մովսիսյանի հարցն արդյոք քննարկվե՞լ է կուսակցության ներսում: «Ընտրական օրենսդրությունը դա ականապատ դաշտ չէ, որ ցանկացած սխալի դեպքում դու կորցնում ես կյանքդ, ոչ էլ կոմպյուտերային խաղ է: Ընտրական օրենսդրությունը միշտ ենթադրում է կիրառել ավելի մեղմ գործիքներ, եթե ավելի կոշտ գործիքների կարիքը չկա: Կիրառողը ես չեմ, կառավարությունը չէ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է», - հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG