Մատչելիության հղումներ

Օհանյան․ «Դաշինքի նկատմամբ շարունակական վերաբերմունքի արդյունքը կարող էր լինել»


Քիչ առաջ, պատասխանելով «Ազատության» հարցին՝ ինչու՞ են ձերբակալել Սամվել Բաբայանին, և ի՞նչ է ձեզ հայտնի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանն ասաց․

«Սամվել Բաբայանը մեր գաղափարակից ընկերն է, մեր համակիրը, դաշինքի նկատմամբ շարունակական վերաբերմունքի արդյունքը կարող էր լինել»:

Ավելի վաղ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Ազատությանն» ասել էր, որ իր նախնական տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ձերբակալվել է։ Այդ տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հասաստատել էին նաև Բաբայանի ընտանիքի անդամները։

Ազգային անվտանգության ծառայությունն արդեն հաստատել է Սամվել Բաբայանի ձերբակալության մասին տեղեկությունը։ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, «կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառում-ների արդյունքումստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։

Նշենք, որ Բաբայանն այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի շտաբում է եղել։ Դաշինքի անդամ, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանն «Ազատության»-ը ասաց, որ ժամը 13։00-ի սահմաններում Սամվել Բաբայանը տուն է գնացել՝ ասելով, որ առողջական խնդիրներ ունի։ Եղիազարյանի խոսքով՝ դրանից հետո Բաբայանի հետ կապվել չի հաջողվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG