Հուղարկավորությանը, բացի ազգականներից, ընկերից ու մտերիմներից, ներկա էին մտավորականներ, ազատամարտիկներ, քաղաքացիական ակտիվիստներ: Եկել էին նաև «Սասնա ծռեր» զինված խմբի բանտարկված անդամների ընտանիքների ներկայացուցիչները:
Հուղարկավորությանը նախորդած արարողությանը ներկա էր Պաշտպանություն նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր երեկ մասնակցում էին հոգեհանգստի արարողությանը, նշում էին, որ «Հաց բերողի» մահվան հիմնական մեղավորը իշխանական համակարգն է, և պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ թե բժիշկները, այլ Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու հրաման տվողները:
Արթուր Սարգսյանը մահացել է անցած հինգշաբթի «Արմենիա» բժշկական կենտրոնում վիրահատությունից մի քանի ժամ անց:
Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում էր անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ: Գնդի տարածքը գրավելու օրերին նա կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։
«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ: Իրեն ազատ արձակելու պահանջով Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց: