Մատչելիության հղումներ

Նախընտրական շրջանում տեղ գտած միջադեպերով հարուցվել է 3 քրեական գործ. Դատախազություն


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Վերջին մեկ ամսվա ընթացքում մամուլին հայտնի մոտ տասը միջադեպերով և ծեծկռտուքների դեպքերով, որոնք այս կամ այլ կերպ առնչվում են նախընտրական գործընթացին, հարուցվել են 3 քրեական գործեր, մասնավորապես՝ Ջրառատ, Սայաթ-Նովա և Քուչակ գյուղերի միջադեպերով։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։

«Ազատություն»-ը հարցում էր ուղարկել դատախազություն՝ խնդրելով պարզաբանել, թե վերջին մեկ ամսում ընտրություններին առնչվող միջադեպերից որո՞նք են դարձել քրեական գործերի առարկա և որո՞նց ընթացք չի տրվել։

Դատախազությունից նշեցին, որ ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստվել են նյութեր, և մարտի 5-ին հանցակազմի բացակայության հիմքով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:

Փետրվարի 26-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնեցին. - «Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան՝ «Ծեծկռտուք Փարպիում, կիզակետում Բազմասեր Առաքելյանն է» վերտառությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստվել են նյութեր, և մարտի 9-ին հանցագործության դեպքի բացակայության հիմքով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին»:

Ըստ դատախազության, մարտի 1-ին Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում Աբրահամ Ադամյանի դանակահարության փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ: «Մարտի 2-ին մեղայականով ներկայացել է Սայաթ-Նովա համայնքի բնակիչ Արթուր Հայրապետյանը: Ա. Հայրապետյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու հոդվածով։ Առաջադրված մեղադրանքում Ա. Հայրապետյանը իրեն մեղավոր է ճանաչել, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», - ասված է դատախազության պատասխանում:

Արտաշատ քաղաքում Լյուդվիգ Մայիլյանի և Գարիկ Պետրոսյանի միջև անձնական շարժառիթով պայմանավորված մարտի 4-ի միջադեպի կապակցությամբ դատախազությունը հայտնել է, որ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվել է նյութեր, որի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Մարտի 14-ին դիմողի բողոքի բացակայության հիմքով կայացվել է որոշում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

«Մարտի 12-ին և 14-ին Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հարուցվել են երկու քրեական գործեր` Քրեական օրենսգրքի, համապատասխանաբար, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն պահելը, փոխադրելը կամ կրելը), 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանության) և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)», - հայտնում է դատախազությունը` նշելով, որ երկրորդ գործով մեղադրանք է առաջադրվել Տիգրան Սարգսյանին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մարտի 15-ին Նոր Նորքի «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնում Նիկոլ Փաշինյանի, նրա կողմնակիցների և կենտրոնի աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դատախազությունը հայտնում է, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր, որը դեռևս ընթացքի մեջ է: Նյութերի նախապատրաստման շրջանակներում նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

«Մարտի 16-ին Աջափնյակ վարչական շրջանում «Ծառուկյան դաշինքի» թեկնածու Վահան Կարապետյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում ստուգողական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Մարտի 20-ին Արագածոտնի մարզի Քուչակ համայնքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մարտի 21-ին խուլիգանության հոդվածով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն», - ասված է դատախազության պատասխանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG