Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում մամուլին հայտնի մոտ 10 արյունալի միջադեպեր և ծեծկռտուքներ են տեղի ունեցել, որոնք այս կամ այլ կերպ առնչվում են նախընտրական գործընթացին։
Կան հարուցված 3 քրեական գործեր՝ Ջրառատ, Սայաթ-Նովա և Քուչակ գյուղերի միջադեպերով։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ հիմքեր կային նաև այլ քրեական գործերի հարուցման․ - «Նաև այլ գործերով պետք է քրեական գործեր հարուցեն, բայց փորձում են այսպես կոչված փոխադարձ համաձայնության միջոցով կոծկեն նաև այդ քրեական հանցագործությունները»:
Մամուլի արձանգրած գրեթե բոլոր դեպքերում որևէ կերպ ներգրավված են եղել իշխող կուսակցության համակիրները։ Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մինչդեռ, պնդում է, որ «ընտրական գործընթացքում ամեն ինչ չի կարելի քաղաքականացնել»․ - «Հանրապետականը որևէ տեղ ներգրավված չէ։ Հանրապետականը բազում անգամներ ասել է, որ մենք խստագույնս առաջարկելու ենք պատժել օրենքով այն մարդկանց, ովքեր որ կշեղվեն քարոզչության ժամանակահատվածում Ընտրական օրենսգրքի տառից: 1200 ակտիվ թեկնածու կա այս պրոցեսում: Այդ 1200-ից յուրաքանչյուրը ունի բարեկամ, ընկեր, համախոհ, և կարիք չկա յուրաքանչյուր թեժացում, փոքրիկ միջադեպ կապել Հանրապետականի հետ: Յուրաքանչյուր երկրում էլ նման բան լինում է»:
Արթուր Սաքունցի կարծիքով, սակայն, հրահրողները հիմնականում այն մարդիկ են, ովքեր կապված են իշխող կուսակցության հետ, ուստի օգտվում են անպատժելիության մթնոլորտից․ - «Դա բնական է, որովհետև խախտումներ կատարածները տարիներով պատասխանատվության չեն ենթարկվել: Եվ պատահական էլ չի, որ այդ խախտումներ կատարողները հենց իշխանության ներկայացուցիչներն են կամ իշխանության կողմից հովանավորվող անձինք»:
Փորձենք ընդհանրացնել տեղ գտած միջադեպերը: Ըստ մամուլի, երեկ Քուչակ գյուղում դանակահարված «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Ասատրյանի վրա հարձակվել են հարակից գյուղերի ՀՀԿ-ի շտաբների աշխատակիցները: Սա չհերքեց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ում կարծիքով ԲՀԿ-ականների դեմ բռնությունները պայմանավորված են «Ծառուկյան դաշինքի» բարձր վարկանիշով․ - «Մեր ներքին ուժը, օրեցօր աճող ռեյտինգը, որը արձանագրում են ոչ միայն տեղական հասարակական կազմակերպությունները, վերլուծական, սոցիոլոգիական հարցումներ իրականացնող միավորները, այլ, օրինակ, հեղինակավոր, ինչպիսին Գելլափն է, որ «Ծառուկյան դաշինքի» վարկանիշը ամենաբարձրն է»:
Ըստ մամուլի հրապարակումների, ՀՀԿ-ականների և ԲՀԿ-ականների միջև տեղի ունեցած միջադեպերից Քուչակ գյուղի դեպքը արդեն երրորդն է։
Մարտի 16-ին Երևանի Աջափնյակ համայնքում ծեծի էր ենթարկվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, թեկնածու Վահան Կարապետյանը, ըստ նախնական պնդման՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի թիմակիցների կողմից: Ժամեր անց, սակայն, Կարապետյանը պնդեց, թե իրեն ոչ թե ծեծել են, այլ ինքը պարզապես ընկել ու վնասվել է։
Մարտի 1-ին դանակահարվեց մեկ այլ ԲՀԿ-ական Արարատի Սայաթ-նովա գյուղից: Որովայնի շրջանում վնասվածք ստացած Աբրահամ Ադամյանին դանակահարողները, ըստ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, Հանրապետականի համակիրներն են եղել․ - «Մասիսում հրահրողը կոնկրետ տվյալ միջադեպի եղել է Հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանը իր թիմակիցների հետ»:
Եվս երկու ընդհարում է տեղի ունեցել Հանրապետականի և ՀՅԴ ներկայացուցիչների միջև։
Փետրվարի 26-ին ՀՅԴ-ականները պնդեցին, որ իրենց աջակցին դաժան ծեծի է ենթարկել Հանրապետական Բազմասեր Առաքելյանն իր կողմնակիցների հետ, ապա մարտի 19-ին, երբ մամուլը գրեց, որ Աշնակ գյուղում ՀՅԴ-ի և Հանրապետականի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին։
Փետրավարի 23-ին և մարտի 4-ին միջադեպեր գրանցվեցին Հանրապետականի երկու ռեյտինգային թեկնածուների թիմակիցների միջև, երկուսն էլ՝ Արարատի մարզում։
Այս վերջին գործերով քրեական գործեր չկան:
Եվ ամենաաղմկահարույց միջադեպերից. Ջրառատում, ըստ «Օհանյան - Րաֆֆի -Օսկանյան» դաշինքի, նախ մարտի 12-ին, ապա մարտի 14-ին հարձակում էր եղել իրենց աջակիցների վրա, գործածվել էր զենք:
«Երանոսյան եղբայրների անմիջական մասնակցությունն էր: Եվ մենք այդպես էլ չենք տեսել մինչև օրս որևէ գործողություն իրավապահ մարմինների կողմից․ լիազորությունների դադարեցում, Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործի հարուցում», - այդ միջադեպերի կապակցությամբ ասաց Արթուր Սաքունցը: