Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Արթուր Ռոբերտի Սարգսյանի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում առկա բոլոր տեղեկությունները, ինչպես նաև արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ այցերի ընթացքում նրա առողջական վիճակի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերը, օրենսդրական պահանջների պահպանմամբ, փոխանցվել են քրեական վարույթն իրականացնող մարմնին, տեղեկացնում են Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմից։
Անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սանսա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ․ գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։
Դեկտեմբերի վերջին, հաշվի առնելով առողջական վիճակը, Սարգսյանին ազատ էին արձակել: Փետրվարի 9-ին, սակայն, նրան Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ դարձյալ կալանավորել էին․ ՀՔԾ-ն կալանքի հիմք էր համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չէր ներկայացել քննչական մարմին: Կրկին անազատության մեջ հայտնվելու հաջորդ օրվանից նա անժամկետ հացադուլ էր հայտարարել: Մարտի 6-ին Ազգային ժողովի 27 պատգամավորների անձնական երաշխավորությամբ «Հաց բերողը» կրկին ազատ էր արձակվել և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: Ազատ արձակվելուց տասն օր անց Արթուր Սարգսյանը մահացավ։
«Հաց բերողի» մահվան դեպքով Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի [բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում] հատկանիշներով: