Մատչելիության հղումներ

Քուչակում դանակահարվածը «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետն է․ գյուղապետ


Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի գյուղապետ Հովիկ Ամիրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ մարտի 19-ի գիշերը դանակահարվել է գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը: Պատճառների մասին գյուղապետը տեղեկություն չուներ:

«Նորմալ երիտասարդ է, պատշաճ, կռվարար չէ, ու գիտեմ, որ առողջական վիճակում կտրուկ փոփոխություն է եղել, դրա համար են տեղափոխել Երևան», - փոխանցեց գյուղապետը՝ հավելելով, որ ըստ իր տեղեկությունների նույն օրը ոտքի հատվածում վնասվածքներ է ստացել նաև Մանուկ Հովսեփյանը, ով Արամ Ասատրյանի ընկերն է:

Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ասատուր Ասատրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Արամ Ասատրյանին հիվանդանոց են տեղափոխել մոտ 3 ժամ առաջ, նրա վիճակը ծանր-ստաբիլ է, նա վերակենդանացման բաժնում է:

«Գոտկային շրջանում ծակած վերք է: Ներքին օրգանների վնասվածք չկա: Վիրահատության կարիք չկա: Ասատրյանը արհեստական շնչառության տակ է», - ասաց հիվանդանոցի գործադիր տնօրենը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ մարտի 19-ին, ժամը 23.30-ին «Ապարան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, ըստ որի հիվանդանոց են տեղափոխվել երկու հոգի՝ մեկը՝ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով, մյուսը՝ աջ ազդրի առաջին երրորդականի կտրված վերք-վնասվածքով: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը 22.50-ի սահմաններում Շենավան-Հարթավան գյուղերի խաչմերուկում վիճաբանության ժամանակ անհայտ անձը հարվածել է քաղաքացիներին և վնասվածքներ պատճառել:

Ըստ մամուլի հրապարակումների «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին դանակահարել են հարակից գյուղերի ՀՀԿ-ի շտաբերի աշխատակիցները:

Դաշինքի հետ կապվել առայժմ չի հաջողվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG