Մոսկվայի քաղաքային իշխանությունները արգելել են ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հրավիրած հակակոռուպցիոն հանրահավաքը, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
«Ինտերֆաքսի» և ՏԱՍՍ գործակալության հետ զրույցներում իշխանությունները հայտարարել են, որ Մոսկվայի կենտրոնում մարտի 26-ին նախատեսված հանրահավաքը կարող է խանգարել հասարակական կարգը և խախտել միջոցառմանը չմասնակցող քաղաքացիների իրավունքները:
Նավալին հայտնի հակակոռուպցիոն ակտիվիստ է և համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ոխերիմ թշնամին: Անցյալ տարվա դեկտեմբերին նա հայտարարեց, որ պատրաստվում է 2018-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել: Ենթադրվում է, որ այդ ընտրություններին կմասնակցի նաև Վլադիմիր Պուտինը` նպատակ ունենալով չորրորդ անգամ ստանձնել Ռուսաստանի նախագահի պաշտոնը: