«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «Scholae Mundi Armenia» հիմնադրամի հետ համատեղ կրթաթոշակներ կտրամադրի Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ուսանողներին, որոնք Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի և Եգիպտոսի քաղաքացիներ են: 1 միլիոն դոլար կազմող կրթաթոշակային ֆոնդն «Ավրորա» երախտագիտության նախագծերի մի մասն է:
«Ավրորա» նախաձեռնության հաղորդագրության համաձայն՝ կրթաթոշակները նշված երկրների այն քաղաքացիների համար են, ովքեր ցանկանում են ձեռք բերել հետևյալ մասնագիտությունները՝ բակալավրիատում՝ Համակարգչային գիտություն, Ճարտարագիտություն և Տվյալների գիտություն (սկսած 2018թ.), և մագիստրատուրայում՝ Արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում, Համակարգչի և տեղեկույթի գիտություն, Տնտեսագիտություն, Ռազմավարական կառավարում, Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, և Անգլերենը՝ որպես օտար լեզվի դասավանդում:
«Հայաստանն ունի միջազգային կրթական կենտրոն դառնալու ներուժ, և մենք խրախուսում ենք Մերձավոր Արևելքի երկրներից երիտասարդներին գալ և կրթություն ստանալ Հայաստանում: Այս կրթաթոշակը հնարավորություններ է ընձեռում այն տաղանդավոր երիտասարդներին, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն տուժել են տարածաշրջանում ընթացող պատերազմներից: Մենք հավատում ենք, որ այն ոչ միայն ազդեցություն կունենա այս երիտասարդների վրա, ովքեր կվայելեն Հայաստանի հյուրասիրությունը և կստանան որակյալ կրթություն, այլև կհարստացնի Ամերիկյան համալսարանի համայնքն օտարերկրացի եռանդուն ուսանողներով, ովքեր հետագայում կդառնան Հայաստանի և դրա մշակույթի դեսպաններն աշխարհում: Այսպիսով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ոչ միայն անհատական կրթաթոշակներ է տրամադրում, այլև իր երախտագիտությունն է հայտնում այն ժողովուրդներին, ովքեր առաջինն էին, որ իրենց դռները բացեցին և օգնության ձեռք մեկնեցին Հայոց ցեղասպանությունը վերապրողներին», - ասել է Վերոնիկա Զոնաբենդը՝ «Scholae Mundi Armenia» հիմնադրամի համահիմնադիրը, ով իր ամուսնու՝ Ռուբեն Վարդանյանի հետ հիմնադրել է նաև «RVVZ հիմնադրամը», որի օժանդակությամբ ստեղծվել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և «Ավրորա» երախտագիտության նախագծերը:
«Հայաստանի ամերիկյան համալսարանը չափազանց երախտապարտ է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, և մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին, ովքեր ոչ միայն Հայաստանում կրթություն ստանալու հնարավորություն են տվել Ցեղասպանության ժամանակ հայ փախստականներին հյուրընկալած ժողովուրդներին, այլև Ամերիկյան համալսարանին են վստահել այդ ուսանողներին կրթություն տալու գործը: <...> Մենք հպարտ ենք՝ դառնալ այս նախաձեռնության մի մասը և մեր կրթական ծրագրերով երախտագիտություն հայտնել այն ժողովուրդների ժառանգներին, որոնք օթևան են տվել հայերին իրենց պատմության ամենաողբերգական օրերին», - ասել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը:
Ուսանողները կրթաթոշակ կստանան իրենց ուսումնառության ողջ ընթացքում, եթե ունենան ակադեմիական բարձր առաջադիմություն: Կրթաթոշակը նախատեսված է ուսման վարձը, ճանապարհածախսը և կեցության ծախսերը հոգալու համար: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և «Scholae Mundi Armenia» հիմնադրամը նպատակ ունեն կրթաթոշակը տրամադրել մինչև 2023թ.:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ և գործընկերներ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան Հայաստան):