Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան (ՕՐՕ) դաշինքը այսօր հայտարարել է ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու պատրաստակամության մասին:
«Լի վճռականությամբ՝ նպաստելու Հայաստանում ազգային համաձայնության մթնոլորտի ձևավորմանը, բոլոր առողջ ուժերի համախմբմանը ու միասնաբար կառուցելու ազատ, արդար, բարեկեցիկ, հզոր ու անվտանգ պետություն, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավաքական կամքով՝ իրականացնել երկրում արմատական և համակարգային բարեփոխումներ, վճռական՝ վերականգնելու Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգը, տնտեսական ազատ մրցակցությունը, ապահովել յուրաքանչյուր մարդու ազատությունների, իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, նպատակ ունենալով վերջ դնել երկրում համակարգային կոռուպցիային, իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհին, ամենաթողությանը, տնտեսության անարդյունավետ կառավարմանը և համատարած ապօրինություններին, և գիտակցելով այն պարզ իրողությունը, որ նախընտրական այս շրջափուլում ՀՀԿ-ի կողմից բանեցվող ընտրախախտումները և բռնությունները, Ջրառատում իրականացված հանցագործությունը, իշխանության ապօրինի գործողությունների հետևանքով Հաց բերող Արթուր Սարգսյանի վաղաժամկետ մահը լցրել են Հայաստանի ժողովրդի համբերության բաժակը և ՀՀԿ-ի իշխանությանը մնացել է ընդամենը երկու շաբաթվա կյանք», ՕՐՕ-ն հայտարարությունում «իր պատրաստականությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձևավորել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով դրանում ՀՀԿ-ի ներգրավվումը, որի կապակցությամբ միասնաբար քննարկել և ստորագրել համապատասխան հուշագիր»: