Մատչելիության հղումներ

Նյու Յորքում նշվեց ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակը


Նյու Յորքի Լինկոլն կենտրոնում երեկ կայացել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված համերգը, որին ներկա էին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ՄԱԿ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

«Քառորդ դար առաջ Հայաստանն ընդգրկվեց ինքնիշխան պետությունների ընտանիքում: Իրականություն դարձավ աշխարհասփյուռ հայության բազում սերունդների երազանքը: Ուրախ եմ այսօր այստեղ տեսնել մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր նորանկախ պետության կայացման գործում», - ըստ արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, իր ելույթում ասել է Էդվարդ Նալբանդյանը՝ շարունակելով. - «Դժվար է գերագնահատել այս օրվա նշանակությունը: Խոսքը սոսկ անդամակցության խորհրդանշական կարևորության մասին չէ, այլ խաղաղ և բարգավաճ ապագայի տեսլականի, որն ընկած է Միավորված ազգերի կազմակերպության հիմքում, ինչը ոգեշնչում է ընդհանուր ճանապարհ անցնել՝ բարելավելու աշխարհը, որը զերծ կլինի պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից: Հայաստանը, ինչպես, համոզված եմ, բազմաթիվ երկրներ մեզնից առաջ և հետո, միացել է Միավորված ազգերի կազմակերպությանը հենց այս ձգտումներով և նպատակներով»:

Հայաստանն, ըստ արտաքին գերատեսչության ղեկավարի, պետությունների ընտանիքին միացավ մի ժամանակահատվածում, որը լի էր մարտահրավերներով, բայց դա որևէ կերպ չնվազեցրեց Հայաստանի վճռականությունն ու հանձնառությունը՝ կառուցելու հասարակություն՝ լիովին հավատարիմ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին:

«Մենք առաջնորդվում ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որը կոչ է անում միավորվել` պահպանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացնելու պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները` հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման վրա: Այս հանձնառությունների ամբողջական և անշեղ իրագործումը բոլոր պետությունների պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են իրենց անդամակցությամբ: Հայաստանը լիակատար հավատարիմ է այս հանձնառություններին, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ջանքերում», - ասել է Նալբանդյանը՝ նշելով, որ այս պարտավորություններն են ընկած նաև ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության հիմքում:

«Առաջին հերթին սա վերաբերում է ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգին մեր հանձնառությանը: Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն, ինչպես նաև իրավասություն՝ բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ: Հայաստանը նաև իր նպաստն է բերում համաշխարհային խաղաղությանը ուղղակի ճանապարհով՝ մասնակցելով մի շարք խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում, Մալիում: Մենք միացել ենք միջազգային հանրության համատեղ ջանքերին՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, փախստականների հետ կապված իրավիճակին լուծումներ գտնելուն: Միայն Սիրիայից մոտ 22 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեկ շնչի հաշվով դարձնելով մեր երկիրը Սիրիայից փախստականներ ընդունող երրորդ պետությունը Եվրոպայում: Մեր պետությունը ձեռնարկում է առավելագույնը` նպաստելու հանդուրժողականության և միջմշակութային, միջկրոնական երկխոսության խթանմանը, ռասիզմի, ատելության քարոզի և այլատյացության դեմ պայքարին», - իր ելույթում ասել է արտգործնախարարը:

Նալբանդյանն ընդգծել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածության ամբողջ խորությունը չափվում է ոչ միայն թվերով, այլև գործի նկատմամբ ջանասիրությամբ, անմնացորդ նվիրվածությամբ ու հանձնառությամբ, որ դրսևորվել է ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի բազմաշերտ գործունեության քսանհինգ տարիների ընթացքում։

«Մեր համատեղ ճանապարհի հաջորդ հանգրվանի մեկնարկին ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական աջակցությունը ՄԱԿ-ի համընդգրկուն և արդյունավետ առաջնորդությանը, որը միտված է միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները կյանքի կոչելուն և ուղղված է ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելուն ու բարեկամական հարաբերություններ հաստատելուն, բաժանարար գծերի վերացմանը, ողջ աշխարհում խաղաղության և բարեկեցության առաջ մղմանը», - ասել է Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG