Մատչելիության հղումներ

Ճիշտ չէ Արթուր Սարգսյանի մահվան վրա դիվիդենտներ շահել․ Շարմազանով


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո անդրադարձավ «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվանը:

«Մեր ցավակցությունն եմ հայտնում, բոլորիս անունից: Ցանկացած հայ մարդու կորուստ ցավալի է մեզ համար», - հայտարարեց Շարմազանովը:

Նա նաև ընդգծեց՝ անընդունելի է նախընտրական փուլում Սարգսյանի մահվան փաստը շահարկել:

«Կան մարդիկ, որ անկեղծորեն են ցավում: Բայց չեմ կարող չասել, սա վերաբերում է նրանց, ովքեր փորձում են այս դժբախտությունը վերածել նախընտրական կրքերի, կամ դիվիդենտներ շահելու: Սա անթույլատրելի է: Սա ողբերգություն է, և սրա վրա փորձել դիվիդենտներ շահել, ես ճիշտ չեմ համարում», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

«Ինչ վերաբերում է [իշխանության հասցեին] մեղադրանքներին, որքան ես տիրապետում եմ ինֆորմացիային, կարծում եմ՝ այդ ինֆորմացիան հնարավորինս մոտ է օբյեկտիվին, Արթուր Սարգսյանի հացադուլի ժամանակ մի քանի անգամ նրա բուժող բժիշկները, շտապօգնությունը նրան առաջարկել են, որպեսզի նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, նա մերժել է: Այս ամենը արձանագրված է:

Ես ծանոթ եմ փաստաբանի հայտարարությունը: Այնտեղ կասկած է հնչում մահվան պատճառների՝ բժիշկների գնահատականի հետ կապված: Եթե փաստաբանները կամ հասարակությունը կամ բարեկամները պնդում են և կարծում են, որ անհրաժեշտ է փորձաքննություն, ես որևէ խնդիր չեմ տեսնում: Եվ եթե պարզվի փորձաքննության արդյունքում, որ ինչ-որ անբարեխիղճ գործողություններ են կատարվել, օրենքի խախտում է տեղի ունեցել, առանց վարանելու կարող եմ հայտարարել, որ մեղավորները կպատժվեն», - ասաց ՀՀԿ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG