Մատչելիության հղումներ

Վարչապետը կրկին խոսում է անորակ նավթամթերքից


Անորակ վառելիքի պատճառով պատերազմի ժամանակ չաշխատած զինտեխնիկայի մասին իր սկանդալային հայտարարությունից մոտ երկու շաբաթ անց վարչապետը կրկին խոսում է անորակ նավթամթերքից՝ գործադիրի այսօրվա նիստում հայտարարելով, որ կառավարության ուսումնասիրության արդյունքում բենզինի ու դիզվառելի որակի վերաբերյալ խնդիրներ են բացահայտվել:

Այս անգամ Կարեն Կարապետյանն ավելի հեռուն գնաց՝ ընդգծելով, որ բենզինի ու դիզվառելիքի վաճառքի գործում չարաշահումներ են հայտնաբերվել․ - «Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ-հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով: Արդյունքում էական վնաս պատճառվում է սպառողներին ու շուկային»:

Վարչապետը հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին․ - «Մեկամսյա ժամկետում բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման և որակի վերահսկողության գործառույթների առավել արդյունավետ իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն համապատասխան թույլտվությունների՝ ըստ վառելիքի տեսակների, հստակ տարանջատման վերաբերյալ՝ հաշվի առնելով հանրապետության ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը»:

Վարչապետի խոսքով՝ պետք է Պետեկամուտների կոմիտեի հետ համատեղ մշակել ոլորտում առկա խնդիրները կանխարգելելու մեթոդաբանություն:

Մարտի 1-ին Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ․ - «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարեց՝ վարչապետի այսօրվա հանձնարարությունը կապ ունի մոտ երկշաբաթյա վաղեմության սկանդալային այդ հայտարարության հետ․ - «Բնականաբար դա կապված է: Եվ վարչապետի կողմից տրվեց հանձնարարություն, որ մենք ուսումնասիրենք և Կառավարություն առաջարկություններ ներկայացնենք»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2011-2015 թվականներին ընթացքում Հայաստան բենզին ներկրել են և առաջնային շուկայում իրացմամբ զբաղվել են միայն երկու ընկերություններ՝ «Ֆլեշը» և CPS-ը՝ շուկան գրեթե հավասարաչափ բաժանելով: 2016-ին «Ֆլեշ»-ին է պատկանել շուկայի 59 տոկոսը, CPS-ին՝ 34 տոկոսը, իսկ «Մաքս պետրոլ գրուպ»-ին` 7 տոկոսը:

Լրատվամիջոցները բազմիցս են գրել, թե «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը որքան մոտ է կանգնած երկրի բարձրագույն իշխանությանը: 2014 թվականի հոկտեմբերին մամուլը հեղեղված էր լուսանկարներով, որոնք պատկերում էին, թե նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ինչպես են մասնակցել Բեգլարյանի որդու հարսանյաց հանդեսին:

Հարցին, թե փաստորեն ստացվում է, որ «Ֆլեշը» և CPS-ը տարիներ շարունակ անորակ նավթամթերք են ներկրել ու վաճառել, Սուրեն Կարայանն այսօր արձագանքեց․ - «Ես համաձայն չեմ, որ Դուք միանգամից պնդում եք, որ վատորակ նավթամթերք է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն․․․ Ստուգումներն իրականացնելու ենք մանրածախ շուկայում»:

Այստեղ նշենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով, «Ֆլեշը» ու CPS-ը գերիշխող են նաև մանրածախ շուկայում:

Ուշագրավ է, որ Պաշտպանության նախարարությունը գրեթե երկու շաբաթ տևած լռությունից հետո միայն արձագանքեց վարչապետի հայտարարությանը՝ մարտի 14-ի հաղորդագրությամբ հայտնելով, որ բանակում անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումների դեպքեր, ներառյալ 2016-ին, չեն արձանագրվել:

Վարչապետի խոսքերը, փաստորեն հերքեցին նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը՝ «Ազատությանը» փոխանցելով, որ «զորամասերի հրամանատարների բանավոր և գրավոր հաշվետվություններում չի նշվել անորակ վառելիքի պատճառով տեխնիկայի՝ շարքից դուրս գալու մասին, ինչպես քառօրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո»:

Վարչապետը միայն հակիրճ է արձագանքել՝ դե, հերքում են, դուք էլ նայեք իմ պատասխանը:

«Ազատությունը» դեռ մարտի 2-ին հարցում էր ուղարկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թե վարչապետի աղմկահարույց հայտարարության կապակցությամբ ինչ է ձեռնարկել դատախազությունը։ Պատասխան դեռ չունենք, թեև օրենքը պարտադրում է պետական մարմիններին պատասխանել 5-օրյա ժամկետում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG