Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Շիրակի մարզ այցելած «Ծառուկյան դաշինքի» առաջնորդն այսօր ներկայացնելով դաշինքի 15 կետանոց ծրագիրը՝ Արթիկում և Գյումրիում հորդորեց իրենց 50 պլյուս 1 տոկոս քվե տալ՝ փոփոխությունների հասնելու համար:
Սոցիալական վիճակ, գործազրկություն, աղքատության արտագաղթ․․․ հերթով թվարկելով գյումրեցիների խնդիրները՝ Գագիկ Ծառուկյանն հավաքվածներին խորհուրդ տվեց ծանր ու թեթև անել և ձայնը տալ նրան, ում հավատում են․ - «Ժողովուրդ ջան, բոլորն էլ ճարտար են խոսում: Ու էսօր մի ընտրություն չի, որ եկել են ներկայացնեն, դուք չեք կարում կողմնորոշվեք․ հինգ-վեց ընտրություն անց եք կացրել, բոլորին էլ գիտեք, ով ինչի համար ա, ինչ ա ուզում: Դրա համար դուք պետք է նայեք մարդու արածը, մարդու գործունեությունը, մարդու կամեցողությունը, մարդու խոսքն ու գործը: Էսօր ո՛չ պաշտոնի համար եմ եկել այստեղ, ո՛չ էլ գումարի համար: Այլ համապատասխան ես հայ եմ, ես սիրում եմ իմ ժողովրդին: Ու էսօր չնչին բան ա պետք՝ մարդը իր աշխատանքով կարողանա ապրի․ պայման, հնարավորությունը, արդարություն, մրցակցություն»::
Գյումրիի թատերական հրապարակը բազմամարդ էր: Ծառուկյանը դժվարությամբ կարողացավ մոտենալ հարթակին: Ինչպես մյուս մարզերում, այստեղ ևս հավաքվածները հարյուրավոր նամակներն ու խնդրանքները փորձում էին անձամբ հանձնել մեծահարուստ գործարարին:
Արթիկում ևս Ծառուկյանին քաղաքի ու հարակից գյուղերի բնակիչները անձնական խնդրանքներով դիմեցին ու նամակներ հանձնեցին: Դաշինքի առաջնորդն ասաց՝ բարեգործությամբ երկիր չես պահի, մարդիկ բանկերում բարձր տոկոսներով հազիվ վարկերն են փակում ու օրվա հացի խնդիր կարողանում լուծել․ - «Այսօր վախից արդեն Ծառուկյանին ասում են՝ հանկարծ ժողովրդին բան խոսք չտաս։ Մեկը օգնության կարիք ունի, մեկը՝ լույսի, մեկը՝ ջրի, մեկը՝ դեղի։ Ասում եմ` այ մարդ, ես բարեգործ մարդ եմ, էս ժողովրդի ցավը տանեմ․․․ Դրա համար հիմա ասում եմ՝ գնացեք թեկնածուների մոտ, ձեր ցավը տանեմ, սա նկարում են, ասում են` Ծառուկյան, քեզ դատի ենք տալու, որ ժողովրդին ուզում ես օգնես։ Ասեմ՝ հիմա վախից ինչ են անում»:
Գագիկ Ծառուկյանին այսօր ուղեկցում էին մարզի տարածքային թեկանածուները, այդ թվում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկայանը:
Ազգային ժողովի վերջին ընտրություններին հիշեցնեմ, ԲՀԿ հաղթել էր Գյումրիում հանրապետականին շուրջ 12 հազար քվեով: