Մատչելիության հղումներ

Ծառուկյան․ Ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա


«Ծառուկյան դաշինքն» այսօր ընտրողների հետ հանդիպումներ է անցկացնում Արագածոտնի մարզում:

Գագիկ Ծառուկյանը, ով ընթացիկ նախընտրական քարոզարշավի ընթացում դեռևս չի խոսել իշխանափոխության անհրաժեշտության մասին, Ապարանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե «ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա»:

Իր ելույթում դաշինքի առաջնորդը մեծ տեղ հատկացրեց Հայաստանի տնտեսական վիճակի բարելավմանը՝ առաջնային խնդիր համարելով ցածր տոկոսադրույքներով վարկեր ստանալու հնարավորության ապահովումը:

Ապարանում, ինչպես նաև Թալին, Աշտարակում, այլ բնակավայրերում քաղաքացիները Գագիկ Ծառուկյանին դիմում էին նամակներով ու տարբեր խնդրանքներով՝ հիմնականում նյութական օգնության:

Անցած շաբաթ, հիշեցնենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, որ նման օգնության տրամադրումը քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև ապրիլի 2-ից հետո դրամական օգնություն տրամադրելու խոստումը կարող է դիտվել որպես ընտրակաշառք:

Դաշինքի առաջնորդն այսօր անդրադարձավ Մուկուչյանի հայտարարությանը՝ ասելով․ - «Մարդ չկա, որ դիմի, օգնած չլինեմ: Պարոն Մուկուչյանն էլ օրենք ա հանում՝ մարդկանց խոստում էլ չտաս: Մարդիկ ասում եմ, ասում եմ՝ խնդիր չկա, ապրիլի 2-ից հետո գնացել էս հասցեով, ասում ա՝ չէ, խոստումն էլ ա ընտրակաշառք: Լավ, մարդիկ թող մեռնեն․․․ Ոչ մի բան էլ չեմ խոստանում, ժողովուրդ ջան: Պարոն Մուկուչյանը արգելել է»:

Այդուհանդերձ, Գագիկ Ծառուկյանին ուղեկցող անձինք հավաքում էին քաղաքացիների նամակ-խնդրանքները՝ խոստանալով, որ անպայման կանդրադառնան դրանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG