Մատչելիության հղումներ

Միհրան Պողոսյան. Եթե դա մրցակցություն է ՀՀԿ անդամների միջև, ապա դա կոռեկտ մրցակցություն է


Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավորի թեկնածու, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը երեկ քարոզարշավի ժամանակ այդպես էլ Հանրապետականին ձայն տալու կոչեր չհնչեցրեց։ «Ազատության» հետ զրույցում Պողոսյանը պարզաբանեց, որ ունի իր ծրագիրը, իր մոտեցումը, իր անցած ճանապարհը, իր կյանքի փորձը և դրանով է ներկայանում ժողովրդին, նշելով, որ ինքը ՀՀԿ անդամ է, և եթե իրեն ձայն են տալիս, ուրեմն ձայն են տալիս Հանրապետական կուսակցությանը։

«Ազատություն». - Պարոն Պողոսյան, շատ է խոսվում, որ Դուք պայքարի մեջ եք ձեր կուսակցության մյուս թեկնածուների հետ։ Ի՞նչ կարող եք այդ մասին ասել, և երկրորդ՝ հանրահավաքի ընթացքում ընդհանրապես Հանրապետական կուսակցությանը ձայն տալու մասին խոսք չեղավ՝ ո՛չ Ձեր կողմից, ո՛չ Ձեր աջակիցների կողմից։ Ի՞նչն է պատճառը՝ կա՞ն տեսակետներ, որ չեք կիսում Հանրապետականի հետ։

Պողոսյան. - Ես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ եմ, եթե մարդն ինձ ձայն է տալիս, արդեն տալիս է Հանրապետական կուսակցությանը։ Ինչ վերաբերում է կոնկրետ մրցակցությանը, ես բազմիցս ասել եմ՝ դա նորմալ է, որ պետք է լինի մրցակցություն, բայց այսօր մեր գործառույթն է մեկ ձայն ավել Հանրապետական կուսակցության համար հավաքելը։ Ես ունեմ իմ ծրագիրը, իմ մոտեցումը, ես ունեմ իմ անցած ճանապարհը, իմ կյանքի փորձը, ես դրանով եմ ներկայանում իմ ժողովրդին։ Ես ներկայանում եմ որպես Պողոսյան Միհրան՝ իմ առավելություններով, իմ թերություններով։ Ինչ վերաբերում է մրցակցությանը Հանրապետական կուսակցության միջև, գիտեք, եթե անգամ դա մրցակցություն է, ապա դա շատ կոռեկտ մրցակցություն է։

«Ազատություն». - Պարոն Պողոսյան, օֆշորային գործի մասին: Անընդհատ նշվում է, նույն «Հետք» պարբերականն էլ նշում է, այնտեղից պատասխան չի եկել, թե Դուք որևէ առնչություն չունեք։ Այսինքն՝ ի՞նչ հիմքով եք Դուք հիմա ասում, որ չի եղել նման բան։

Պողոսյան. - Բազմիցս ներկայացրել եմ՝ շոուն վերջացած է, որոշ քաղաքական ուժերի կողմից եղավ շոու, անուններ չեմ տալիս, որովհետև մի բան է փաստ, մի բան է կարծիք, ինձ մոտ կարծիք է, փաստ չունեմ։ Սա շոու էր՝ փաստ ունեմ, այնքանով ունեմ փաստ, որ դա իրականություն չի, գոնե ես գիտեմ։ Եղավ շոու, որն իր հանգուցալուծումը ստացավ, իր հանգուցալուծումը ստացավ 8-9 ամիս երևի հարյուր և ավել մարդու քննելուց հետո։

«Ազատություն». - Հանգուցալուծումը ո՞րն է, գործը պարզապես կարճվեց։

Պողոսյան. - Պարզապես չի կարող, փաստ է ներկայացվել, գոնե իմ կողմից արդեն մեկ ամիս հետո փաստ է ներկայացվել կոնկրետ, և այդ փաստն արդեն մի քանի ամիս հետո արձանագրվել է հատուկ մարմինների կողմից։

«Ազատություն». - Այսինքն, Դուք ներկայացրել եք մի փաստաթուղթ, որտեղ այդ բանկերը նշում են, որ առնչություն չունե՞ք։

Պողոսյան. - Այո։

«Ազատություն». - Որտե՞ղ է հրապարակված։

Պողոսյան. - Իմ գրասենյակի կողմից։ Հատուկ քննչական ծառայությանը տրամադրվել է բոլոր լիազորությունները և բոլոր հնարավորությունները, որ իրենք կարող են անել։ Տրամադրվել է բոլոր հնարավորությունները և բոլոր այն գրավոր համաձայնությունները, որ նա իրավասու է անել ցանկացած հարցում։ Բացի այդ, մինչև տրամադրելը այդ գրավոր փաստաթղթերը նաև տրամադրվել է այն հարցման պատասխանը, որն արդեն ստացվել է, և Հատուկ քննչական ծառայությունն արել է բոլոր այն հարցումները, որի հնարավորությունը նա ունի։ Հավատացեք, եթե այնտեղ լիներ որոշակի ինֆորմացիա տվյալ անձի վերաբերյալ, հավատացեք, որ նրանք հաստատ կտային այդ ինֆորմացիան։ Եթե չկա այդ ինֆորմացիան, նրանք պարզապես չեն տալիս այդ ինֆորմացիան։ Իսկ հիմա ով ինչպես է դա մեկնաբանում... գիտեք, մարդը, որ իրանից բան է ներկայացնում, ունի շատ ուզողներ ու չուզողներ, որոնք որ գտնում են, որ այդ ճանապարհը, որ ինքը հարթում է, կարող է հանկարծ հատվի իր ճանապարհի հետ, և այս ամենի ներքո մենք ունենք այն, ինչ ունենք, այս ամենի ներքո ունենք մի սկանդալ՝ սարքած, որը որ հիմա արդեն բոլորս ծիծաղում ենք դրա վրա։

Հիշեցնենք, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի անունը հայտնվել էր Պանամայի օֆշորային գոտու գաղտնազերծված փաստաթղթերում։ Ըստ «Հետք»-ի, նախկին գլխավոր հարկադիր կատարողը Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես է արել, պաշտոնն օգտագործել է սեփական գործի զարգացման համար՝ թաքցնելով եկամուտները։

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործ հարուցեց և ավելի քան 8 ամիս քննություն իրականացնելուց հետո հայտարարեց, թե վարույթը կարճվել է՝ պարզաբանելով, որ ձեռք բերված փաստական տվյալներով չի հիմնավորվել, որ ԴԱՀԿԾ նախկին ղեկավարն անօրինական ձեռնարկատիրական գործունեության է մասնակցել:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ն էլ հայտարարեց, որ ՀՔԾ-ն գործը կարճել է ոչ թե այն պատճառով, որ հանցանքը չի ապացուցվել, այլ ընդամենը Պանամայի և Շվեյցարիայի իրավապահներից պատասխան չի ստացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG