Գագիկ Ծառուկյանը, ով ավելի հարուստ է, քան նախընտրական այլ դաշինքների և կուսակցությունների ընտրացուցակները գլխավորող մյուս բոլոր թեկնածուները միասին վերցրած, այսօր խոստացավ իր բարեգործական գործունեությունը շարունակել ընտրություններից հետո:
Նման կերպ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը, ըստ էության, արձագանքեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի երեկվա հայտարարությանը, որ դրամական ու նյութական խոստումներով քարոզարշավ անցկացնող Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը։
Կեսօրին մոտ ելույթ ունենալով Արմավիրի կենտրոնական հրապարակում՝ Ծառուկյանը դարձյալ նյութական խոստումներ տվեց: - «Միշա, ուրեմն ընտրությունից հետո Ծառուկյանը էսքանի մոտ քեզ խոսքա տալի՝ ապրիլի 2-ից հետո կգաս, մի հատ տեխնիկա գյուղին նվեր իմ կողմից կստանաս», - նշեց նա՝ ընդգծելով․ - «Բայց ընտրություններից հետո, որ ընտրությունները կապ չունենան»:
Միշային խոստում տալուց հետո Ծառուկյանը հանձնարարեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արայիկ Աղաբաբյանին, ով ծագումով Արմավիրից է, գրանցել, թե ինչ գույք է հարկավոր տեղի դպրոցներից մեկին, և խորհրդարանական ընտրություններից հետո հատկացնել այն:
«Ուրեմն Աղաբաբյանին կասեք՝ ապրիլի 2-ից հետո ինչ գույք որ պետքա․․․ Աղաբաբյան՝ կգրես ապրիլի 2-ից հետո ինչ գույք պետքա մենք ուղարկենք, որ երեխաները պարապեն», - նշեց նա:
«Ազատությունն» այսօր չկարողացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզել՝ արդյոք ընտրություններից առաջ նման խոստումները տալը նույնպես Ընտրական օրենսգրքի խախտում չէ:
Ի տարբերություն «Ծառուկյան» դաշինքի այլ անդամների, Գագիկ Ծառուկյանը իր ելույթներում շարունակում է խուսափել ապրիլի 2-ը իշխանափոխության օր հայտարարելուց, ընդգծելով՝ առջևում ընտրություններ են, ոչ թե հեղափոխություն:
«Ես ասել եմ՝ իմ թիմակիցներին մի կպեք, ժողովրդից արյուն չթափվի: Ես պատրաստ եմ պատասխան տալու՝ եկեք ստուգեք, ինչ ուզում եք՝ արեք, հարց չկա: Բայց ես չեմ ուզեցել, որևիցե մեկիդ մատը փուշ մտներ: Եթե ես այդ մարդը լինեի, կասեի՝ առաջ, ժողովուրդ: Բայց ես ասել եմ՝ ոչ, ես մեղքի տակ պետք է չմտնեմ, իմ ժողովրդի մատից պետք է արյուն չթափվի», - 2015-ի զարգացումները հիշեցրեց Ծառուկյանը՝ շարունակելով․ - «Այսօր ընտրություն է, դա արդեն հեղափոխություն չի»:
Փոխարենը՝ մեծահարուստ թեկնածուն իր ելույթի մի զգալի հատվածը նվիրեց երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակին՝ կոչ անելով պետության ողնաշար հանդիսացող փոքր ու միջին ձեռնարկություններին ազատել հարկերից:
«Ինչքան Ձեր վիճակը ծանր է, մերը ավելի է ծանրանում: 2009 թվականից հետո բոլորդ կարող եք Ձեր վրա զգալ, օր-օրի՝ ավելի վատացել ա, չի լավացել: Իսկ այսպես գնալով՝ ավելի ա վատանալու», - զգուշացնում էր Գագիկ Ծառուկյանը: