Մատչելիության հղումներ

Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները պահանջում են վճարել իրենց աշխատավարձը


Հարզդանի ցեմենտի գործարանի աշխատակիցներն այսօր առավոտից գործարանի շենքի մոտ էին հավաքվել ու պահանջում էին 6 ամիսների աշխատավարձը։

Բանվորների պնդմամբ՝ իրենց ամեն անգամ նոր վերջնաժամկետ են ասում, սակայն գումար այդպես էլ չեն ստանում։ Վերջին խոստման ժամկետը նախօրեին էր։ Անգամ կանանց ծաղիկ գնելու հնարավորություն չենք ունեցել:

«Մի հատ հազար դրամանոց ծաղիկ էլ չենք կարողացել, որ նվեր առնենք: Ոսկի էլ չունենք, որ դնենք գրավ, ամեն ինչ դրել ենք: Ի՞նչ անենք, սոված սատկե՞նք էս պետության մեջ: Հետո ասում են՝ Հայաստանից չփախնեք: Բա ի՞նչ անենք: Մեր փողերն ենք ուզում, ուրիշ բան չենք պահանջում մենք: Մենք չենք ասում իրանք լավն են կամ վատն են․․․ մեր աշխատած աշխատավարձն ենք ուզում», - վրդովված ասաց հավաքվածներից մեկը։

Գործարանի շուրջ 460 աշխատակիցները պարապուրդի են մատնված հունվարից։ Նրանք չգիտեն, թե արդյոք ֆինանսական խնդիրներ ունեցող և ձեռքից ձեռք անցնող գործարան վերադառնալու հնարավորություն կունենա՞ն, թե՞ ոչ։

Գործարանի բանվորները պնդում էին, որ առաջիկա ընտրություններին ձայնը կտան այն կուսակցությանը, որը կխոստանա խնդիրը լուծել: Ներկաներց մեկն էլ ասաց, թե այս իշխանությանը չի հավատում՝ կեսկատակ հավելելով, որ իր քվեն հնդկական սերիալի հերոսներին է տալու։

«Ժողովուրդն արդեն ընդդիմություն ա դառել, որովհետև իրանք են ստեղծում ըսենց պայման: Ժողովրդին սովի են մատնում, ժողովուրդն էլ ինչ անի․ պետք է ելնեն ցույցի, երթի․․․ լացենք, որ հաց ուտենք», - ասաց բողոքավորներից մեկը:

Բանվորները առանց տեսախցիկի տնօրենի հետ հանդիպել չցանկացան, սակայն «Ազատությանը» գործարանի մուտքից ներս չթողեցին։

Անվտանգության աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, բանվորներին հորդորեց մի ևս մեկ շաբաթ սպասել՝ հայտարարելով, թե գործարան մարտի 15-ին նոր սեփականատեր է ունենալու։ «Եթե չեք ուզում սպասել, անգործ կմնաք», - ասաց նա։

Գործարար Միխայիլ Բաղդասրովին պատկանող «Հրազդան ցեմենտ»-ը, հիշեցնենք, պարտքերի դիմաց տրվել էր ՎՏԲ բանկին։ Ընկերության ընդհանուր պարտքը կազմում էր մոտ 1 մլրդ դրամ: Նախորդ տարի կառավարությունը «Հրազդան ցեմենտ» ընկերությանը 510 մլն դրամ տույժից ազատելու որոշում ընդունեց: Այս որոշումը, ըստ Էկոնոմիկայի նախարարի, հնարավորություն կընձեռներ ընկերության գույքի և հաշվի վրայիցհանել արգելանքը, մարել պարտքերը, ստեղծել նոր աշխատատեղեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG