Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Բոլոր հարցերի շուրջ մեր մոտեցումները շատ մոտ են»


Այսօր Ելիսեյան պալատում կայացել է պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև համատեղ հայտարարություններով:

«Ուրախությամբ եմ արձանագրում, որ բոլոր հարցերի շուրջ մեր մոտեցումները շատ մոտ են միմյանց. դա վերաբերում է ինչպես մեր երկկողմ հարաբերություններին, այնպես էլ մեր տարածաշրջանում ծավալվող խնդիրներին, իրադարձություններին», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք այսօր ևս մի քայլ կատարեցինք մեր հարաբերությունների խորացման՝ ստորագրելով փաստաթղթեր զբոսաշրջության, միջբուհական-գիտակրթական համագործակցության ոլորտներում», - նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը ամուր հիմք է նաև արդյունավետ տնտեսական համագործակցության համար։

«Եվ որքան էլ որ մեր տնտեսական հարաբերությունները դեռ չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին, մենք հաստատուն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Եվ ինչպես պարոն Նախագահն ասաց` ես այսօր առավոտյան ՄԵԴԵՖ-ում փորձում էի համոզել ֆրանսիացի գործարարներին, որ Հայաստանում ներդրումային բարենպաստ պայմաններ կան, առաջարկեցի նրանց գալ Հայաստան և ներդրումներ կատարել: Փորձեցի համոզել այն իրականությամբ, որ այսօր Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է հարթակ լինել նրանց համար` արտադրելու Հայաստանում և իրացնելու Եվրասիական տնտեսական միության 170 միլիոնանոց շուկայում: Եվ երկրորդ` ունենալով Իրանի հետ լավ հարաբերություններ, Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ընթացքում այդ երկրի հետ պահպանելով լավ հարաբերություններ, ճանաչելով իրանական շուկան և Իրանի ժողովրդին՝ Հայաստանը ևս կարող է այստեղ առաջատար ֆրանսիական ընկերություններին օգտակար լինել, եվրոպական ընկերություններին հարթակ ծառայելով` ունենալով հնարավորություններ և այդ հնարավորություններն ի սպաս դնել մեր այս հարաբերությունների զարգացմանը: Եթե ֆրանսիական բիզնեսը ծաղկի Իրանում, մենք ևս կլինենք օգտատերերի թվում», - ընդգծել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշմանն աջակցելու համար և խոսել երկու երկրներին կապող գործոններից․ - «Դրանցից մեկը Ֆրանսիայում ապրող գրեթե կես միլիոն ծագումով հայերն են, ովքեր կարողացել են մազապուրծ լինել մեզ պատուհասած աղետից, հասնել Ֆրանսիա, հաստատվել այստեղ և աշխատել Ֆրանսիայի զարգացման համար՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը: Նրանք այսօր շատ մեծ բնական կամուրջ են: Երկրորդ հանգամանքը` ֆրանսիական մշակույթն է, որ Հայաստանը սիրում է, որ Հայաստանում ճանաչում են, որը Հայաստանում տարածված է: Մենք այս ամենը մշտապես պետք է փայփայենք որպես մեր բարեկամության երաշխիք»:

Եզրափակելով իր հայտարարությունը՝ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Օլանդին ջերմ ընդունելության համար:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով երեկ է ժամանել Փարիզ: Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի​, Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների, Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG