Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երկարաձգել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության վերաբերյալ Վրաստանի գերագույն դատարանի կայացրած դատավճռի կասեցումը: Այդ դատավճռով մեծ ժողովրդականություն վայելող անկախ հեռուստաընկերությունը հանձնվել էր նախկին սեփականատեր, գործարար Կիբար Խալվաշիին: Վրաստանի քաղաքացիական հասարակությունը պնդում է, որ դատարանի այս որոշման նպատակն է լռեցնել իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ հայտնի լրատվամիջոցը:
Եվրադատարանը մարտի 3-ին ժամանակավորապես՝ մինչև մարտի 8-ը կասեցրել էր Վրաստանի գերագույն դատարանի վճռի իրականացումը, որպեսզի «Ռուսթավի 2»-ի փաստաբանները հնարավորություն ստանան այն վիճարկել ՄԻԵԴ-ում: Մարտի 7-ին Եվրադատարանը միաձայն քվեարկել է կասեցման որոշումը կրկին երկարաձգելու մասին՝ այս անգամ անորոշ ժամանակով: