Մատչելիության հղումներ

«Ազատությանն» արգելվեց լուսաբանել Խաչատուրով-Պատրուշև հանդիպումը


Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արամ Թանանյան
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արամ Թանանյան

Այսօր «Ազատությանն» արգելվեց լուսաբանել Հայաստանի և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարներ Յուրի Խաչատուրովի և Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը, չնայած հանդիպումը լուսաբանում էին հայաստանյան և ռուսաստանյան վեց լրատվամիջոցներ:

Հայաստանի անվտանգության խորհրդի աշխատակիցը ճշտելով, որ նկարահանող խումբը «Ազատությունից» է, ուղղակի արգելեց շարունակել աշխատանքը՝ միաժամանակ հրաժարվելով ներկայանալ:

Թեև Խաչատուրով-Պատրուշև այսօրվա հանդիպումը լուսաբանելու համար դեռ երեկ «Ազատությունը» հավատարմագրվել էր Ռուսաստանի դեսպանատան լրատվական ծառայությունում՝ այնտեղից ստանալով հանդիպման վայրի և ժամանակի մասին տեղեկություն, սակայն Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավար Արամ Թանանյանը հայտարարեց, թե «Ազատությունը» հրավիրված չի եղել լուսաբանելու միջոցառումը․ - «Նախապես համաձայնեցրել էինք։ Երեք լրատվամիջոց մեզնից էր, երեք լրատվամիջոց Ռուսաստանից: Քանի որ սա երկկողմանի խորհրդատվություններ են, մենք Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարության հետ ունենք պլան այս տարվա համագործակցության, ըստ որի մենք անց ենք կացնում կոնսուլտացիաներ: Մի անգան անց ենք կացնում Մոսկվայում, մի անգամ՝ Երևանում: Հավանաբար տարվա վերջին կանցկացնենք Մոսկվայում: Թեման ինքը փակ բնույթի է, աշխատանքային բնույթի»:

Հարցին, թե ինչ սկզբունքով են հրավիրել որոշ լրատվամիջոցների, իսկ մյուսներին՝ արգելել․ - «Արգելել չէի ասի: Պարզապես մենք Ձեզ չենք հրավիրել, Դուք եկել եք առանց հրավերի: Եվ ես չեմ մտածում, որ դուք պետք է ինֆորմացիա ունենաք առանձին: Ձեզ կտան ինֆորմացիա: Մենք աշխատում ենք, որպեսզի թեման լուսաբանվի: Հրավիրել ենք ոմանց, կաշխատեն: Դուք նկատեցիք, որ որևէ մի լրատվամիջոց ինձնից ինֆորմացիա չստացավ, բացի Ձեզնից: Հիմա նույն ձևի նրանք կարող են մոտենալ և հարցնել՝ ի՞նչ սկզբունքով եք Դուք «Ազատությանը» տալիս, մեզ չեք տալիս»:

Հարցին, թե արդյոք լրատվամիջոցների ընտրությունը պայմանավորված էր ռուսաստանյան կողմից ցանկությամբ, Թանանյանը պատասխանեց․ - «Մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետությունում և մենք ենք հյուրընկալող կողմը, մենք ենք որոշում կայացնում ինչպես հյուրերին դիմավորենք, ում հետ ինչ գործունեություն ծավալենք»:

Ի դեպ, Խաչատուրով - Պատրուշև հանդիպումից հետո, երբ երկու երկրների անվտանգության խորհուրդների ներկայացուցիչները հեռանում էին, մեկ անգամ ևս փորձեցինք ներկայանալ չցանկացած աշխատակցից, ճշտել անուն ազգանունը, սակայն նա գերադասեց լուռ և շտապ հեռանալ:

Էլ ավելի ուշագրավ էր Ռուսաստանի անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինի պատասխանը, ով անկեղծ խոստովանեց՝ չգիտի, թե ինչու է «Ազատությանը» արգելվել լուսաբանել միջոցառումը, իսկ այլ լրատվամիջոցներին՝ ոչ:

Նիկոլայ Պատրուշևը երեկ էր ժամանաել Երևան: Նրան ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, «զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ և ռուս ժողովուրդների ամուր բարեկամության վրա հիմնված միջպետական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, տարեցտարի ընդլայնվում է համագործակցության օրակարգը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG