Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, կես տարուց ավելի անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը 1,5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ չի արձակվի։
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարանն այսօր մերժեց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակում ընգրկված Ղուկասյանի կալանքը գրավով փոխարինելու մասին դիմումը: Դռնփակ նիստը նախատեսված ժամից մոտ երեք ժամ ուշացումով սկսվեց: Փաստաբան Կարեն Մեժլումյանի խոսքով, պարզապես մոռացել էին Ղուկասյանին քրեակատարողական հիմնարկից դատարան բերել:
Փաստաբանից տեղեկացանք, որ մեկ ժամից ավելի փակ դռների ետևում Անդրիաս Ղուկասյանն իր այս պահանջը հիմնավորել է հանգամանքով, որ որպես պատգամավորության թեկնածու ցանկանում է մասնակցել նախընտրական քարոզարշավին: Ղուկասյանը պնդել է՝ անհեթեթ է ենթադրել, թե այս պայմաններում ինքը կարող է փախուստի դիմել՝ հարվածի տակ դնելով իրեն աջակցող քաղքական ուժին:
«Լուրջ քաղաքական ուժը վստահել է Ղուկասյանին, և համապետական ընտրակարգով է ցուցակում ներառվել, և ռեյտինգային ․․․ ու բավականին բարձր դիրքերում: Այսինքն՝ Անդրիաս Ղուկասյանն ասում է ի՞նչ՝ էսօր արդյո՞ք եթե ես ազատ արձակվեմ, կխուսափեմ, Հայաստանից կփախնեմ և իմ գործընկերներին, ամբողջ քաղաքական ուժին հարվածի տակ կդնեմ: Նա ասում է, որ դա քաղաքական հակառակորդներին մեծ նվեր կլիներ, նրանք կերազեին, որ նման մի բան տեղի ունենար»,- ասաց փաստաբանը:
Մինչդեռ, «Իրավիճակ է փոխվել»,- ասում է նա՝ հավելելով, որ նախապես տված իր ցուցմունքից անգամ ոստիկանն է հրաժարվել, երբ ասել է, թե լսել է՝ ինչպես է Ղուկասյանը ժողովրդին քարեր հավաքելու կոչեր արել: Փաստաբանի խոսքով, Անդրիաս Ղուկասյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ իր ձերբակալման որոշումը «բացառապես քաղաքական է»: