Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազն ընդունել է ԱԺ պատգամավորների՝ «Հաց բերողի» հարցով․ խորհրդարանականները մեկնել են Դատապարտյալների հիվանդանոց


«Հաց բերողը»՝ Արթուր Սարգսյանը, 31-ը հուլիսի, 2016թ․
«Հաց բերողը»՝ Արթուր Սարգսյանը, 31-ը հուլիսի, 2016թ․

Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու խնդրանքով Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին են դիմել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն» խմբակցությունների և խմբակցություններում ու պատգամավորական խմբերում չընդգրկված 27 պատգամավորներ:

«Գլխավոր դատախազի հրավերով ս.թ. մարտի 6-ին հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել է Ա. Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը, պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145 և 147-րդ հոդվածներով նախատեսված՝ անձնական երաշխավորություն խափանման միջոցի կիրառման կարգը, երաշխավորողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև վերջիններս նախազգուշացվել են երաշխավորողի պատասխանատվության մասին և առաջարկվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հանդիպել Ա. Սարգսյանին՝ գործի քննության ընթացքում վերջինիս պատշաճ վարքագիծը, այլ դատավարական պարտականությունները կատարելու և քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ հավաստիանալու համար, որից հետո հաստատել իրենց խնդրանքը կամ հրաժարվել դրանից», - ասված է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

Հանդիպման արդյունքում պատգամավորներն ընդունել են առաջարկը և մեկնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանին հանդիպելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ - «Հաց բերողը ազատ կարձակվի։ Գլխավոր դատախազությունը բավարարում է մեր պատգամավորական միջնորդությունը։ Մանրամասները՝ ավելի ուշ»։

Քիչ անց նա գրել է․ - «Հաց բերողը այսօր կլինի ազատության մեջ»։

Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, փետրվարի 10-ից անժամկետ հացադուլ է հայտարարել:

Սարգսյանին, հիշեցնենք, հաջողվել էր իր ավտոմեքենայով ճեղքել ոստիկանական պատնեշն ու սնունդ տանել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին, որոնք 2016-ի հուլիսի 17-ին Երևանում գրավել էին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը։

Այնտեղից նա դուրս էր եկել զինված խմբի անդամների հանձնվելու օրը՝ հուլիսի 31-ին։ Նրան ևս կալանավորել էին, սակայն անցած դեկտեմբերի վերջին, հաշվի առնելով առողջական վիճակը, ազատ էին արձակել: Ըստ փաստաբանների, «Հաց բերողը» մի շարք լուրջ հիվանդություններ ունի, մինչդեռ փետրվարի 9-ին նրան Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ դարձյալ կալանավորեցին: ՀՔԾ-ն կալանքի հիմք էր համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չէր ներկայացել քննչական մարմին: Մինչդեռ, Սարգսյանի փաստաբանի հավաստմամբ, իրենք քննիչին նախապես տեղյակ էին պահել չներկայանալու մասին և առաջարկել փոխել հանդիպման օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG