Մատչելիության հղումներ

Ավստրիայի կանցլեր․ Պետք է հրաժարվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու պատրանքներից


Ավստրիայի կանցլեր Քիստիան Քերն, արխիվ
Ավստրիայի կանցլեր Քիստիան Քերն, արխիվ

«Եվրոպական պետությունները պետք է վերանայեն հարաբերությունները Թուրքիայի հետ` հրաժարվելով այդ երկրի Եվրամիությանն անդամակցելու պատրանքներից», - երեկ գերմանական Welt am Sontag թերթին տված հարցազրույցում ասել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը: Նրա խոսքով՝ Թուրքիան «հատել է Ռուբիկոնը» և վերջին տարիներին ավելի ու ավելի է հեռանում Եվրոպայից:

«Մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները երկրում ոտնահարված են, խոսքի ազատություն գոյություն չունի», - նշում էր ավստրիական կառավարության ղեկավարը: Քերնը նաև կոչ է արել հետևել Գերմանիայի և Նիդերլանդների օրինակին` արգելելով թուրք պաշտոնյաներին Եվրամիության տարածքում քարոզչական հանրահավաքներ անցկացնել ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախաշեմին:

Անցած շաբաթ Գերմանիայի իշխանությունները արգելեցին Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասում գտնվող և թուրքական հոծ բնակչություն ունեցող երկու քաղաքներում` Լևերկուզենում և Քյոլնում սահմանադրական բարեփոխումների կողմնակիցների հանրահավաքներ անցկացնել: Այդ հանրահավաքներին պետք է մասնակցեր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար անդամներից մեկը` էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին: Գերմանական իշխանությունները այդ քայլին դիմեցին երկրի ամենաազդեցիկ պարբերականներից մեկի` Welt-ի լրագրող Դենիզ Յուջելի՝ Թուրքիայում կատարված ձերբակալությունից հետո: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, սակայն, պնդում է, թե Յուջելն ուղղակի կապեր ունի Քրդական բանվորական կուսակցության հետ, ինչպես նաև «գերմանական գործակալ է»:

Երեկ Ստամբուլում կայացած հանրահավաքի ժամանակ Էրդողանը նաև հայտարարեց, թե Գերմանիայի կողմից սահմանված արգելքը հակաժողովրդավարական է: «Գերմանիա, դու որևէ առնչություն չունես ժողովրդավարության հետ: Քո բոլոր գործողությունները ոչնչով չեն տարբերվում նացիստական շրջանի քաղաքականությունից», - ասում էր Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG