Մատչելիության հղումներ

Եվրադատարանը կասեցրել է Վրաստանի գերագույն դատարանի վճիռը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության վերաբերյալ


Վրաստան - «Ռուսթավի 2»-ի աջակիցների ցույցը Գերագույն դատարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 2-ը մարտի, 2017թ․
Վրաստան - «Ռուսթավի 2»-ի աջակիցների ցույցը Գերագույն դատարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 2-ը մարտի, 2017թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոչ է արել Վրաստանի գերագույն դատարանին ժամանակավորապես կասեցնել «Ռուսթավի 2»-ի վերաբերյալ երեկ կայացված դատավճիռը, որով մեծ ժողովրդականություն վայելող անկախ հեռուստաընկերությունը հանձնվեց նախկին սեփականատեր, գործարար Կիբար Խալվաշիին, ով ենթադրաբար կապեր ունի իշխանությունների հետ։

Վրաստանի արդարադատության նախարարը հաստատել է, որ մարտի 3-ին իշխանությունները ստացել են Եվրադատարանի նամակը՝ դատավճռի իրականացումը մինչև մարտի 8-ը կասեցնելու մասին, որպեսզի հնարավորություն ստեղծվի գործը քննել՝ առանց «անդառնալի վնաս պատճառելու» հեռուստաընկերությանը։

Նամակում նաև ասված է, որ իշխանությունները պետք է ձեռնպահ մնան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության խմբագրական քաղաքականությանը միջամտելու ցանկացած փորձից։

Վրաստանի թերևս ամենաազդեցիկ այս լրատվամիջոցը հայտնի է իշխանությունների հասցեին իր կոշտ քննադատությամբ: Վրաստանի ներկայիս իշխանությունների կարծիքով՝ «Ռուսթավի 2»-ը ծառայում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության շահերին: Հենց այս մեղադրանքներին զուգահեռ էլ ծագեց վեճը, թե ում է պատկանում լրատվամիջոցը: Կիբար Խալվաշին, ով հեռուստաընկերության սեփականատերն էր 2004-2006 թվականներին, հանկարծակի հայտարարեց, թե Սաակաշվիլիի մերձավորները 2006-ին իրեն ստիպել էին վաճառել հեռուստաընկերության բաժնետոմսերը: Առաջին հայացքից տնտեսվարող սուբյեկտների այս վեճը երկրում խորը մտահոգությունների, մինչև անգամ բողոքի բազմամարդ ակցիաների տեղիք է տվել: Վրաստանի քաղաքացիական հասարակությունը պնդում է, որ այդ գործընթացներն ուղղված են քննադատող խոսքը լռեցնելուն:

XS
SM
MD
LG