Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:
Նշելով, որ սա Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Վյաչեսլավ Վոլոդինի հետ առաջին հանդիպումն է, Սերժ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել հյուրին: Նա համոզվածություն է հայտնել, որ պետական գործունեության մեջ Վոլոդինի մեծ փորձը զգալի ներդրում կունենա նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում, ինչին նոր խթան կհաղորդի նրա այցը Հայաստան:
Ընդգծելով, որ ուղիղ մեկ ամսից՝ ապրիլի 3-ին, նշվելու է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը, նախագահը յուրաքանչյուր տոն շատ լավ հնարավորություն է համարել՝ ամփոփելու, գնահատական տալու երկկողմ հարաբերություններին և ուղենիշներ սահմանելու ապագայի համար:
Պետդումայի խոսնակը ևս գոհունակությամբ է փաստել, որ այցի շրջանակում Հայաստանի խորհրդարանականների հետ հանդիպումները տեղի են ունենում երկու ռազմավարական գործընկեր պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում: Նշելով, որ միջպետական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և քննարկելու, ամփոփելու շատ թեմաներ կան, նա ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանականները ծրագրում են ընդլայնել հարաբերությունների և համագործակցության շրջանակը, ինչի նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Պետդումայի հանձնաժողովների նախագահները կհանդիպեն և կծանոթանան հայ գործընկերների հետ, կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Վոլոդինը կարևորել է տարածաշրջանային մակարդակով ևս երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ աշխատանքը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում երկուստեք մեծապես կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը և ընդգծել միջխորհրդարանական կապերի շարունակաբար ամրապնդման անհրաժեշտությունը: