Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կիրակի օրվանից մեկնարկող նախընտրական քարոզչությունը կսկսի սահմանամերձ Չինարի և Բերդ գյուղերից` կարևորելով սահմանամերձ բնակավայրերը:
Ի դեպ, մինչև Տավուշ մեկնելը, Օհանյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կիրակի օրը կայցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն և Հաղթանակի զբոսայգի, ապա «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնի նախընտրական ծրագիրը։
Ուշագրավ է, որ նախընտրական քարոզարշավը Տավուշի մարզից կսկսի նաև Գագիկ Ծառուկյանը: Սակայն, ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Ստեփան Մարգարյանը, միմյանց չխանգարելու ձևերը կգտնեն։
«Տավուշի մարզը սահմանամերձ գոտի է, այնտեղ կրակոցներ են լինում, և, կարևորելով այս երևույթների նկատմամբ մեր ուշադրությունը և անհանգստությունը, որոշեցինք սկսել Տավուշի մարզից», - ասաց Մարգարյանը։
Ինչ վերաբերում է «Ծառուկյան դաշինք»-ին, ապա դաշինքի անդամ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ամեն մարզում աշխատելու է տասը քարոզչական խումբ, երկօրյա հանդիպումների ավարտին յուրաքանչյուր մարզում կկազմակերպվի մեծ հավաք, որին արդեն կմասնակցի դաշինիքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի քարոզարշավը կիրականացնի ո՛չ աշխատանքային ժամերին, ո՛չ աշխատանքային օրերին
Իշխող Հանրապետականն (ՀՀԿ) իր նախընտրական քարոզարշավը կիրակի օրը կսկսի «Դինամո» մարզադահլիճում։ Ի դեպ, նշենք, որ Հանրապետականի քարոզարշավում այս անգամ գլխավոր դերակատարություն է ունենալու վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն, ինչպես «Ազատության» հետ զրույցում, նշեց իշխող ուժի փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իրենք պլանավորել են այնպիսի քարոզարշավ, որը թույլ կտա վարչապետին համադրել պաշտոնական լիազորությունները նախընտրական այցերի հետ։
«Ո՛չ աշխատանքային ժամերին, ո՛չ աշխատանքային օրերին երկրի վարչապետը կիրականացնի քարոզարշավը Հանրապետական կուսակցության՝ չխախտելով օրենքը, իսկ աշխատանքային ժամերին իր առօրյա գործունեությամբ կզբաղվի, որպես կառավարության ղեկավար», - ասաց Աշոտյանը։
Ի դեպ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժն իր նախընտրական կայքն անվանել է Lovearmenia, ինչպես Արմեն Աշոտյանը բացատրեց, իրենք այս կերպ ցույց են տալիս, որ աշխատելու են՝ սիրելով երկիրը։
«Հայաստան՝ իմ սեր», «Սեր իմ Հայաստան», ով ինչպես ուզում է թող թարգմանի, բայց բովանդակությունը հենց այդպիսին է՝ մենք աշխատում ենք և աշխատելու ենք հանուն մեր երկրի ապագայի և սիրելով մեր երկիրը», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Հարցին, թե ժողովրդի կողմից ՀՀԿ-ի նկատմամբ սերը փոխադա՞րձ է, Աշոտյանը պատասխանեց. - «Ապրիլի 2-ին սպասենք արդյունքներին և արձանագրենք»։
Դեռևս չի հստակեցվում Տեր-Պետրոսյանի՝ քարոզարշավում ներգրավվելու հարցը
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով գլխավորում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակը, ապա դեռևս պարզ չէ նա կներգրավվի՞ ավանդական քարոզարշավում, թե՞՝ ոչ։ ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց, թե Տեր-Պետրոսյանն իր քարոզարշավն արդեն սկսել է դեկտեմբերի 17-ին, երբ իրենց համագումարում խոսեց «Խաղաղություն, հաշտություն բարիդրացիություն» կարգախոսի մասին։ Ի դեպ այս կարգախոսը նաև այսօր հրապարակված «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրի հիմքում է։
«Տեր-Պետրոսյանը կանի այն, ինչ-որ անհրաժեշտ է մեր ուղերձը տեղ հասցնելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը։
Ընդդիմադիրները բարձրաձայնում են ճնշումների մասին
Ի դեպ, նախընտրական քարոզարշավին ընդառաջ, ընդդիմադիր ուժերը բարձրաձայնում են ճնշումների, ընտրողների վերագրանցումների և ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկությունների մասին։
Մասնավորապես, Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքի անդամ Ստեփան Մարգարյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ կոռուպցիայի առկայության մասին է խոսում այն փաստը, երբ հազարավոր մարդիկ մի բնակավայրից դուրս են գալիս և գրանցվում են այլ վայրում:
«Երբ որ մի տարածքից մեկ ուրիշ տարածք են տանում, որպեսզի այնտեղ քվեարկեն։ Դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը, ենթադրենք, Էջմիածնից կգնա մեկ այլ մարզ՝ ինչ-որ մեկի համար քվեարկելու՝ նրան սիրելուց, կամ նրան հարգելուց։ Ակնհայտ է, որ սա կաշառքի պահն է այստեղ աշխատում», - ասաց Մարգարյանը։
Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը բարձրաձայնում է նաև իրենց թեկնածուների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին. - «Ես կավելացնեի նաև՝ համատարած ճնշումներ այլ թեկնածուների նկատմամբ, կամ այլ թեկնածուների բարեկամների նկատմամբ»։
Հարցին, թե կոնկրետ իրենց թեկնածուների նկատմամբ ճնշումներ կա՞ն, Մարգարյանը պատասխանեց. - «Կան, հիմա մենք զբաղվում ենք դրանցով, և կհայտարարենք, եթե հասկանանք, որ դա շարունակական բնույթ է կրում»։
Ճշտող հարցին, թե ճնշումները իշխանությա՞ն կողմից են, Մարգարյանը պատասխանեց. - «Այս պահին մենք չենք հայտարարում ոչինչ, բայց վաղը-մյուս օրը կհայտարարենք, եթե դա շարունակվի», - ասաց «Համախմբում» կուսակցության փոխնախագահը՝ նշելով. - «Օրինակ, ինչ-որ մեկի բարեկամը պատգամավորության թեկնածու է, նա աշխատում է մեկ ուրիշ տեղ, փորձում են ճնշում անել՝ «որ կա՛մ աշխատանքդ, կա՛մ գնա բարեկամդ թող հանի»։ Այսպիսի երևույթներ կան»։
Ի դեպ մարդկանց ընտրակաշառք բաժանելու ահազանգերի հետ կապված Հայ ազգային կոնգրեսը, ըստ Զուրաբյանի, պատրաստվում է դիմել կառավարությանը, ինչպես նաև Գլխավոր դատախազությանը։
«Ժողովուրդը բաց խոսում է այն մասին, որ ամենուրեք ցուցակագրում են, խոստումներ են տալիս ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ, այնպես ոչ մենք այդ խնդրով կդիմենք իշխանություններին, կառավարությանը, դատախազությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկեն դրա դեմ», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։