Մատչելիության հղումներ

Նալբանդյան. Օրը կգա և միմյանց կշնորհավորենք ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման առիթով


Նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհավորական ուղերձներ են հղել Դիվանագետի օրվա կապակցությամբ։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. - «Այս տարի դիվանագետի տոնը հոբելյանական է, քանզի 25 տարի առաջ՝ հենց այս օրը, Հայաստանն անդամակցեց Միավորված ազգերի կազմակերպությանը՝ իրագործելով միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու մեր ժողովրդի նվիրական երազանքը։ Քառորդ դար առաջ, երբ Հայաստանը կրկին տեղ զբաղեցրեց համաշխարհային քաղաքական քարտեզի վրա, մեր երկրի և արտաքին աշխարհի միջև կապը առաջին հերթին սկսեց իրականացվել մեր դիվանագետների միջոցով: Պատահական չէ, որ այս խորհրդանշական օրը հռչակվել և ավանդաբար նշվում է որպես հայ դիվանագետի մասնագիտական տոն»։

Դիվանագետի ծառայության առանձնահատկություններից մեկը, ըստ Սերժ Սարգսյանի, համարվում է հասարակության համար նրա գործունեության մեծ մասի անտեսանելի մնալը։ «Հավատացած եղեք, որ ձեր կատարած աշխատանքը մեզ համար տեսանելի է և դրվատանքի արժանի։ Այսօր էլ մեր երկրի առջև ծառացել են բազում մարտահրավերներ: Դրանց դիմագրավելու ջանքերում մեծ են ակնկալիքներն ու պահանջները ձեզնից` մեր դիվանագետներից: Ինչպես հայ զինվորը՝ սահմանին, այդպես էլ դուք՝ արտերկրում և արտաքին գործերի նախարարության աշխատակազմում, ոչ մի րոպե չպետք է թուլացնեք ձեր զգոնությունը՝ մշտապես պատրաստ լինելով հակազդելու մեր պետականության և ազգային շահերի դեմ ուղղված ոտնձգություններին», - ասել է նախագահը՝ նշելով, որ շրջապատող աշխարհաքաղաքական իրողություններն իրենց յուրահատուկ կնիքն են դրել նաև հայկական դիվանագիտական ծառայության վրա:

«Մասնագիտական բարձր պատրաստվածության պահանջներից զատ, թերևս, ավելի շատ, քան այլ երկրների դիվանագետների պարագայում, ձեր աշխատանքը պահանջում է անմնացորդ նվիրվածություն և սեր հայրենիքի հանդեպ: Այդպես է, երբ ներկայացնում ես մի երկիր, որին պարտադրվել է պատերազմ ու շրջափակում: Հայաստանը խաղաղասեր երկիր է: Մենք` հայերս, դարեր շարունակ գոյապայքար ենք մղել մեր նախնիների երկրում ազատ ապրելու իրավունքի համար, ուստի քաջ գիտակցում ենք խաղաղ կյանքի կարևորությունը: Դիվանագետների ուսերին է դրված մեր երկրի խաղաղ և կայուն զարգացման համար համապատասխան պայմանների ապահովման պատասխանատվության կարևորագույն բաժինը: Վստահ եմ, որ դուք գիտակցում եք այդ պատասխանատվությունը և պատրաստ եք պատվով կրել այն: Համոզված եմ, որ այսուհետ ևս հավուր պատշաճի ներկայացնելով մեր երկիրը, մեր դիրքորոշումներն ու մոտեցումները, ձեր ակտիվ ներգրավվածությամբ դրանք առավել լսելի ու ընկալելի դարձնելով միջազգային հարթակներում, կշարունակեք էական ներդրում կատարել մեր երկրի արտաքին անվտանգության ամրապնդման գործում», - ասել է նախագահը:

Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ այս տարի մարտի 2-ին լրանում է հոբելյանական 25-րդ տարին այն օրվանից, երբ Հայոց Եռագույնը սկսեց ծածանվել Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև, Հայաստանը կրկին ինքնիշխան պետությունների մեծ ընտանիքի մաս կազմեց:

«Անկախությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղանք ոչ միայն միջազգային ու տարածաշրջանային խոշորագույն կառույցներին անդամակցության գործընթացին, այլև սկսեցինք դիվանագիտական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ», - ըստ արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, ասել է արտգործնախարարը՝ շարունակելով. - «Կարող ենք ասել, որ Հայաստանին հաջողվել է աշխարհին ներկայանալ որպես միջազգային հարաբերություններում վստահելի ու կառուցողական գործընկեր, մեր երկիրը լավագույնս ներկայացնել աշխարհին` ցույց տալու այն կարողությունները, որ առկա են մեր մեջ, ավելացնել տարբեր մայրցամաքներում մեր երկրի բարեկամների թիվը, առավել լսելի և ընկալելի դարձնել մեր ձայնը միջազգային հարթակներում, ակտիվ դերակատարություն ստանձնել գլոբալ գործընթացներում, չսպասել, թե այս կամ այն գործընկեր պետությունը կամ միջազգային կառույցը ինչ կարող է առաջարկել մեզ, այլ հանդես գալ դրական օրակարգ ձևավորելուն միտված սեփական նախաձեռնություններով»:

Համաշխարհային գործընթացները, որքան էլ աշխարհագրորեն հեռու են լինում, այնուամենայնիվ, ըստ արտգործնախարարի, իրենց ուղղակի և անուղղակի ազդեցությունը զգացվում է նաև Հայաստանում:

«Հետևաբար, փորձում ենք անմասն չմնալ միջազգային հարաբերություններում ընթացող գործընթացներից: Հայաստանը փորձում է իր նպաստը բերել բաժանարար գծերի վերացմանը, փոխշահավետ, հնարավորինս լայն համագործակցության դաշտի ձևավորմանը: Իր երկկողմ օրակարգից բացի մեր երկիրը նշանակալի ներդրում է բերում միջազգային և տարածաշրջանային տարբեր հրատապ հարցերի լուծմանը», - ասել է արտգործնախարարը՝ նշելով. - «Բերեմ համաշխարհային նշանակություն ունեցող խնդիրներում միջազգային հանրության ջանքերին Հայաստանի նպաստի միայն երկու օրինակ: Մեր երկիրը միջազգային հարթակներում բարձրացնում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այլև իր գործուն մասնակցությունն է բերում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում: Հատկանշական են այս առումով Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևերը: Հայաստանը միջազգային անվտանգության ջանքերին իր ներդրումն է բերում նաև մասնակցելով խաղաղապահ գործողություններին աշխարհի տարբեր անկյուններում, ինչը շարունակաբար բարձր գնահատականի է արժանանում մեր գործընկերների կողմից»:

Նալբանդյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր պետության արտաքին քաղաքականության հիմքում սեփական երկրի շահն է, և, ըստ այդմ, բազմապիսի ու տարբեր են և՛ խնդիրները, և՛ դրանց լուծման եղանակները:

«Մեր դիվանագետները պաշտպանում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերն արտերկրում, այլև աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների իրավունքները, հատկապես ճգնաժամային իրավիճակներում: Այս առումով հատկանշական է սիրիահայերին մեր երկրի մեկնած օգնության ձեռքը` ինչպես տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին ապաստան տալով Հայաստանում, այնպես էլ մարդասիրական օգնություն ուղարկելով Սիրիա», - ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ըստ արտգործնախարարի, վերջին տարիներին նկատելիորեն ընդլայնվել է աշխարհում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցը: Նա նշել է, որ Հայաստանը հանդիսանում է մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ, ստորագրել է շուրջ 2.500 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել մոտ 170 երկրների հետ, հավատարմագրված է 95 պետություններում:

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել մեր այն դիվանագետների ջանքերը, ովքեր ծառայում են պատերազմի կամ ճգնաժամային գոտիներում` Հալեպում, Դամասկոսում, Բաղդադում: Վերը նշված թվերի հետ միասին իրողությունն այն է, որ այս ամենին իրենց մեծ ու անուրանալի նպաստն են բերել հայ դիվանագետները` արհեստավարժ ու հայրենանվեր աշխատանքով: Յոթ տարի առաջ հիմնադրեցինք Դիվանագիտական դպրոցը, որն այսօր արդեն կադրերի դարբնոց է դարձել և մեր դիվանագիտական ծառայությունը համալրում է բանիմաց մասնագետներով», - ասել է արտգործնախարարը։

«Այս հոբելյանական օրն անցկացվում է նաև մեր դեսպանների հերթական հավաքը: Ավանդույթ են դարձել դրա շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմի և մեր դեսպանների այցերը Արցախ։ Սա պատահական չէ, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը: Եթե ինձ հարցնեն, թե ինչ կլիներ իմ բարեմաղթանքը դիվանագետի օրվա կապակցությամբ, ես առանց վարանելու կնեշի, որ լավագույնը, ինչ կարող եմ ցանկանալ, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ներդրված ջանքերի հաջողությամբ պսակվելն է: Եվ ես վստահ եմ, որ օրը կգա և մենք հնարավորություն կունենանք միմյանց շնորհավորելու այդ առիթով։ Այս առումով մեր դիվանագետների ուսերին պատասխանատվության մեծ բաժին կա: Համոզված եմ, որ նրանք կշարունակեն այն պատվով կրել», - ասել է Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG