ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին պահանջում է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզի հրաժարականը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
The Washington Post պարբերականը հոդված էր հրապարակել, ըստ որի՝ Սեշընզը գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածության հաստատման հարցով Սենատում լսումների ժամանակ չի տեղեկացրել, որ անցած տարի երկու անգամ զրուցել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը, հաստատելով, որ Սեշընզը 2016 թվականին շփումներ ունեցել է Ռուսաստանի դեսպանի հետ, ընդգծել է, որ դա որևէ կերպ չի առնչվել Միացյալ Նահանգների նախագահական ընտրարշավին: Ըստ նախարարության՝ Սեշընզը որպես սենատոր և Սենատի զինված ուժերի հանձնաժողովի ավագ անդամ 25-ից ավելի զրույցներ է ունեցել օտարերկրյա դեսպանների, այդ թվում երկու շփում՝ Կիսլյակի հետ:
Գլխավոր դատախազը, իր հերթին, հայտարարել է․ - «Ես երբեք չեմ հանդիպել ռուս պաշտոնյաների հետ՝ քննարկելու ընտրարշավի թեմաներ: Գաղափար չունեմ, թե ինչի մասին է այս պնդումը: Այն կեղծ է»: