Մատչելիության հղումներ

Թրամփը Կոնգրեսի իր առաջին ուղերձում հիմնականում խոսեց ներքին քաղաքական խնդիրներից


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի իր առաջին ուղերձով միասնության և հզորության կոչ արեց:

Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում Թրամփը կրկնեց իր նախընտրական խոստումների մեծ մասը: Նա պնդեց, որ Ամերիկայի քաղաքները անտեսված են, աշխատողները տուժում են, առողջապահական ծախսերը սրընթաց աճում են, երկրի ենթակառուցվածքները քայքայվում են, միգրանտների կողմից կատարվող հանցագործություները աճում են:

Թրամփը խոսեց ԱՄՆ-ի ռազմական բյուջեն մեծացնելու, ինչպես նաև երկրի ենթակառուցվածքների զարգացմանը մեկ տրիլիոն դոլար ուղղելու մտադրությունների մասին:

Նրա ելույթը ներառել է արտաքին քաղաքականության որոշ տարրեր: - «Մեր պարտականությունն է պաշտպանել մեր քաղաքացիներին ու ապահովել երկրի անվտանգությունը ծայրահեղ իսլամիստական ահաբեկչությունից»,- ասել է Թրամփը, նշելով որ հանձնարարել է պաշտպանության նախարարությանը պլան մշակել՝ «քանդելու և ոչնչացնելու «Իսլամական պետությունը», վայրենիների այդ անօրինական ցանցը, որոնք սպանում են մահմեդականների և քրիստոնյաների, տղամարդկանց, կանանց և երեխաների, անկախ նրանց կրոնական պատկանելությունից»:

«Մենք աշխատելու ենք մեր դաշնակիցների հետ, ներառյալ մահմեդական աշխարհի մեր ընկերների և դաշնակիցների հետ՝ մեր մոլորակի վրայից ոչնչացնելու այդ նողկալի թշնամուն»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Անցած նախագահական ընտրությունների քարոզարշավում Հյուսիսատլանտյան դաշինքի վերաբերյալ Դոնալդ Թրամփի խոսքերը մեկնաբանվել էին որպես ՆԱՏՕ-ի պայմանագրի հիմնական հոդվածը կասկածի տակ դնելու դիրքորոշում: Դա այն հոդվածն է, ըստ որի դաշինքի մեկ անդամի վրա հարձակումը նշանակում է հարձակում բոլորի վրա: Նման հանձնառությունից հետ կանգնելու կասկածները անհանգստացրել էին դաշինքի շատ անդամների: Դոնալդ Թրամփը կոնգրեսի ուղերձում փարատել է այդ մտահոգությունները, միաժամանակ վերահաստատելով իր մոտեցումը, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է կատարեն դաշինքի ծախսերը ֆինանսավորելու իրենց պարտավորությունները:

Կոնգրեսականների ծափերի ներքո Դոնալդ Թրամփը հայտարարել է. - «Մենք վճռականորեն աջակցում ենք ՆԱՏՕ-ին: Բայց մեր գործընկերները պետք է կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները: Եվ հիմա, հիմնվելով մեր շատ վճռական և անկեղծ քննարկումների վրա, նրանք դա սկսում են անել։ Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները ՆԱՏՕ-ում, Մերձավոր Արևելքում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անմիջական և նշանակալից մասնակցություն ունենան ռազմական և ռազմավարական գործողություններին և արդարացիորեն վճարեն ծախսերի իրենց մասնաբաժինը»:

Մոտ մեկ ժամ տևած ելույթում Թրամփը արտաքին քաղաքականության այլ խնդիրների, մարտահրավերների չանդրադարձավ:

ԱՄՆ նախագահի ուղերձին Դեմոկրատական կուսակցության ճամբարից արձագանքել է Քենթուկիի նախկին նահանգապետ Սթիվ Բիշերը: Նա Թրամփին մեղադրել է Ռուսաստանի կողմից Ամերիկայի ազգային անվտանգության լուրջ սպառնալիքները անտեսելու մեջ: Խոսելով Քենթուկիում, նա նաև պնդել է, որ Թրամփը մտադիր է զրկել ամերիկացիներին մատչելի առողջապահական ապահովագրությունից: Նա Թրամփին կոչել է «Ուոլ սթրիթի շահերի պաշտպան», ով չափից դուրս մտերմիկ հարաբերություններ ունի ֆինանսիստների և խոշոր ընկերությունների հետ:

Դոնալդ Թրամփը Կոնգրեսի իր ուղերձում ասել է. - «Ես այսօր այստեղ եմ եկել միասնության և հզորության ուղերձով, որը գալիս է իմ սրտից: Այսօր մենք տեսնում ենք, որ վերածնվում է ամերիկյան ոգին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG