Մատչելիության հղումներ

Ֆրանսուա Ֆիյոն. «Չեմ հանձնվելու, չեմ նահանջելու, պայքարելու եմ մինչև վերջ»


Ֆրանսուա Ֆիյոն, արխիվ
Ֆրանսուա Ֆիյոն, արխիվ

Ֆրանսիայի աջ պահպանողական Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Ֆիյոնը հայտարարում է՝ իր անվան շուրջ ծագած սկանդալի նպատակը «իր քաղաքական սպանությունն է»:

Ֆրանսիայի աջ պահպանողական Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը չի լքի նախընտրական արշավը, չնայած այն հանգամանքին, որ իր ընտանիքի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի առթիվ Փարիզի դատախազությունը քրեական գործ է հարուցել:

Նախընտրական պայքարը շարունակելու հաստատակամության մասին Ֆիյոնը հայտարարեց այսօր կեսօրին Փարիզում շտապ կարգով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հրատապ հայտարարություն տարածելու անհրաժեշտությունը ծագեց այն բանից հետո, երբ դատախազությունը տեղեկացրեց, որ Ֆրանսուա Ֆիյոնը երկու շաբաթից` մարտի 15-ին, հարցաքննվելու է կոռուպցիոն սկանդալի հետաքննության շրջանակներում:

«Ես չեմ հանձնվելու, չեմ նահանջելու, ես չեմ լքելու ընտրարշավը և պայքարելու եմ մինչև վերջ, քանի որ մարտահրավեր է նետվել ոչ թե ինձ, այլ ժողովրդավարությանը»,- հայտարարել է Ֆիյոնը` պնդելով, որ իր անվան շուրջ ծագած սկանդալի նպատակը «իր քաղաքական սպանությունն է»:

Նախագահության այս թեկնածուի անվան շուրջ աղմկալի սկանդալը ծագեց հունվարին, երբ փարիզյան թերթերից մեկը գրեց, որ Ֆիյոնի կինը` ծագումով բրիտանուհի Պենելոպան, 1998-ից մինչև 2002 թվականները Ազգային ժողովում ձևակերպված է եղել որպես իր ամուսնու օգնական` այդ ընթացքում չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից աշխատավարձի տեսքով շուրջ կես միլիոն եվրո ստանալով:

Փետրվարի 24-ին արդեն Փարիզի դատախազությունը շրջանառվող տեղեկությունների հիմքով քրեական գործ հարուցեց: Այսօր ֆրանսիական մամուլում անգամ տեղեկություններ հայտնվեցին, որ սկանդալի գլխավոր հերոսուհուն` Ֆիյոնի կնոջն արդեն իսկ հարցաքննել են: Հետագայում, սակայն, այդ տեղեկությունները հերքվեցին:

«Այս, ես շարունակելու եմ հանրապետության նախագահի թեկնածու մնալ: Այս իրադարձություններից մենք պետք է հստակ դասեր քաղենք` արդարության և անարդարության այն բոլոր դրսևորումներով, որոնք դրանցում առկա են: Այս իրադարձությունները մեզ պետք է հավելյալ ուժ հաղորդեն` հաղթանակի հասնելու և երկրում իրադրությունը բարելավելու համար»,- այսօր հրապարակած հայտարարության մեջ նշել է Ֆրանսիայի նախկին վարչապետը:

Այսօր առավոտյան դեռ թվում էր, թե նրա քարոզարշավն ընթանում է բնականոն հունով, և նախագահի թեկնածուն գերադասում է շատ քիչ ուշադրություն դարձնել ծագած սկանդալին: Կեսօրին մոտ, սակայն, երբ հայտնի դարձավ Ֆիյոնի առաջիկա հարցաքննության մասին, իրադարձությունները սկսեցին սրընթաց կերպով զարգանալ:

Նախագահության հանրապետական թեկնածուն վերջին պահին չեղյալ հայտարարեց իր քարոզարշավի առանցքային միջոցառումներից մեկը` այցելությունը Փարիզի մերձակայքում անցկացվող ամենամյա գյուղատնտեսական ցուցահանադես: Ֆիյոնի այցը չեղարկելու մասին հայտնի դարձավ վերջին պահին, երբ նրա թիմիակիցների մի զգալի մասն ու հավատարմագրված լրագրողներն արդեն իսկ ցուցահանդեսի տարածքում էին:

Այդ ժամերին, սակայն, Ֆիյոնը բանակցում էր իր կուսակցության մյուս ղեկավար անդամների հետ: Այդ բանակցությունների ընթացքում նրա գլխավոր զրուցակիցը Ֆրանսիայի նախկին վարչապետ, այժմ երկրի խոշորագույն քաղաքներից մեկի` Բորդոյի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Ալեն Ժյուպեն էր: Ֆիյոնը աշնանը կայացած ներկուսակցական ընտրությունների ընթացքում առավելության էր հասել հենց Ժյուպեի հանդեպ, ինչն էլ ֆրանսիական որոշ պարբերականների այսօր առիթ տվեց ենթադրելու, թե նախկին մրցակցի հետ բանակցելով` Ֆիյոնը մտադիր է լքել ընտրարշավը` տեղը զիջելով Բորդոյի քաղաքապետին:

Ֆիյոնը, սակայն, ինչպես տեսնում ենք, պայքարը շարունակելու հարցում հաստատակամ է: Դա, սակայն, չի նշանակում, որ Ֆիյոնի հաղթելու շանսերը նույնքան իրական են, որքան կոռուպցիոն սկանդալի ծագելուց առաջ: Փարիզում գործող OpinionWay սոցիոլոգիական ծառայության այսօր հրապաակած տվյալների համաձայն, ապրիլին կայանալիք ընտրություններցի առաջ նա այնքան էլ շահեկան վիճկում չէ:

Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, ապա քվեարկության երկրորդ փուլում կհայտնվեին ազգայանականների առաջնորդ Մարին Լը Պենը` քվեների 25 տոկոսով և կենտրոնամետ Էմանուել Մակրոնը` 24 տոկոսով: Ֆրանսիացի սոցիոլոգների պնդմամբ, Ֆիյոնի վարկանիշն արդեն մի քանի շաբաթ է ինչ տատանվում է 20 տոկոսի շրջակայքում` աճի որևէ հստակ միտում չարձանագրելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG