Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում հանդիպել էԵվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ, ԵՄ բարձր ներկայացուցչի հետ Սարգսյանի հանդիպմանը ևս, ինչպես նախորդ օրը կայացած ԵՄ կառույցների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ, անդրադարձ է եղել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, Սահմանադրության փոփոխություններից հետո իրականացվող լայնածավալ աշխատանքներին` ուղղված երկրում ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«Սարգսյանը, ի պատասխան Մոգերինիի հարցի, ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և շնորհակալություն հայտնել ընտրությունների անցկացմանը ԵՄ աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, առկա խնդիրներն ու մտահոգությունները: Նախագահը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի ապակառուցողական պահվածքն ու այդ երկրի կողմից ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով ու նաև Հայաստանի պետական սահմանի վրա պարբերաբար հրահրվող սադրանքները, հրաժարումը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումից, որոնք, ըստ նրա, հարցականի տակ են դնում միջազգային հանրության՝ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված երկարամյա ջանքերը և ողջ բանակցային գործընթացը», - ասված է նախագահականի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG