Հայաստանում արդեն մեկնարկել է այնպիսի քաղաքական համակարգի ձևավորումը, որտեղ ազդեցիկ դերակատարները կլինեն ոչ թե անձերը, այլ քաղաքական ուժերը, քաղաքական ինստիտուտները, այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը «Քարնեգի» հիմնադրամի Բրյուսելի գրասենյակ այցելության ժամանակ:
«Այսօր արդեն Հայաստանում ընթանում է կուսակցությունների խոշորացման և քաղաքական կոալիցիաների ձևավորման մի գործընթաց, որը մենք դրական ենք համարում և որին ձգտում էինք: Քաղաքական կուսակցություններն ամրապնդվում են որպես կայուն ինստիտուտներ, աստիճանաբար վերանում կամ ձուլվում են գաճաճ կուսակցությունները», - նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանն իր փոփոխված Սահմանադրությամբ համարձակ քայլ կատարեց՝ ուղղված մի կողմից` իշխանության ապակենտրոնացմանը, մյուս կողմից՝ այնպիսի սահմանադրական համակարգի ձևավորմանը, որը կապահովի հետխորհրդային արատավոր երևույթների վերացումը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը և լավագույն պայմաններ կապահովի՝ երկիրը կայուն զարգացման ուղիով առաջնորդելու համար:
Գալիք շաբաթների ընթացքում, ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանի քաղաքական համակարգն անցնելու է լուրջ քննություն։ «Ապրիլի սկզբին նորացված Սահմանադրության և նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ մենք կանցկացնենք խորհրդարանական ընտրություններ: Ընտրական օրենսգրքում էլ արմատական փոփոխություններ ունենք, որոնց մի զգալի մասը մեր երկրում նախադեպը չունեցած՝ ընդդիմություն իշխանություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության և կոնսենսուսի արդյունք էր: Ազատ և արդար ընտրությունների անցկացման և ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության էական բարձրացման նպատակով մենք սկսել ենք ակտիվորեն ներդնել ընտրությունների վերահսկման ժամանակակից տեխնիկական մեխանիզմներ։ Ավելին, անսալով ընդդիմության ցանկությանը՝ մենք համաձայնեցինք ներդնել ընտրությունների անցկացման այնպիսի թափանցիկ նորամուծություններ, որոնց հանդեպ վերապահումներ ուներ նույնիսկ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը: Բայց մենք գնացինք այդ քայլին, քանի որ այս փուլում ամենից կարևորն ընթացող գործընթացների նկատմամբ վստահության բարձրացումն է», - ասել է նախագահը՝ շարունակելով. - «Մեր սահմանած նշաձողը բարձր է. անցկացնել ժողովրդավարական, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Վստահ եմ՝ իրականություն կդարձնենք մեր այդ նպատակը, և ընտրությունների մթնոլորտն ու ընտրական գործընթացի արդյունքները կհաստատեն մեր մոտեցումների ճշմարտացիությունը: Սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս մեր գլխավոր նպատակը ուղղակի խորհրդարանական համակարգի ներդրումը չէր, այլ ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդումը՝ իշխանության ապակենտրոնացման և ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու միջոցով: Կարծում ենք՝ այդ տեսանկյունից Հայաստանը կարող է ուսանելի օրինակ ծառայել թե՛ հետխորհրդային, թե՛ տարածաշրջանային շատ երկրների համար»:
Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության նոր փորձերը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ հենց Ադրբեջանի համար
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2016-ի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական արկածախնդրությունը Բաքվի երկարամյա ռազմատենչ քաղաքականության և քարոզչության կենսագործումն էր։ «Այն լուրջ վնաս հասցրեց կարգավորման գործընթացին: Ադրբեջանի ագրեսիան կրկին ապացուցեց, որ Արցախի ժողովրդի պայքարը սեփական հողի վրա անվտանգ գոյության ու ազատության համար այլընտրանք չի ունեցել ու այսօր էլ չունի։ Սա կարծիք չէ, այլ Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում ստեղծված և մեզ պարտադրված իրականություն», - ասել է նախագահը՝ նշելով, որ ապրիլյան պատերազմին հետևած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ 1994-1995թթ. հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաև հակամարտության գոտում այդ ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Սակայն Ադրբեջանն իր՝ արդեն սովորական դարձած վարքագծի համաձայն շարունակաբար խուսափում է այդ պայմանավորվածությունների իրականացումից՝ հայտարարելով, որ դրանց իրագործումն իբր ամրապնդելու է ձևավորված ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում:
«Եթե Ադրբեջանն իրապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխությամբ, ապա միայն մի տարբերակ կա փոխելու այն՝ դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է», - ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով. - «Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը չէր գիտակցում, թե ինչ ծանր հարված է հասցնում խաղաղությանը, որքան է խորացնում ստատուս քվոն, որքան հետ է մղում բանակցային գործընթացը:
Ըստ Հայաստանի նախագահի, ակնհայտորեն Բաքուն ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է իր ներքին հարցերի` սոցիալ-տնտեսական ահագնացող խնդիրների և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների դեմ աճող դժգոհությունից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով:
«Հենց այդ պատճառով Բաքվում վերջերս հայտարարեցին, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն իբր իրենց «ներքին գործն է»: Ղարաբաղյան հիմնահարցով արդեն տարիներ շարունակ որպես միջնորդներ զբաղվում են Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով: Հավանաբար Բաքվում վատ երազ են տեսել և դրանից եզրակացրել, թե միջազգային հանրության այս երեք խոշորագույն դերակատարներն իրենց բոլոր բարդ գործերը թողած՝ հանկարծ սկսել են զբաղվել Ադրբեջանի «ներքին գործով»: Դա ընդամենը մեկ օրինակ է աբսուրդի այն թատրոնի, որը բեմականացնում են Բաքվում: Մենք ստիպված ենք շարունակաբար բախվել դրան գրեթե ամենօրյա ռեժիմով: Սակայն, երբեմն լինում են նաև անկեղծության պոռթկումներ: Դրանցից մեկի ժամանակ Ադրբեջանի ղեկավարը, փորձելով իր ենթակաների առջև արժևորել իրեն, հրապարակայնորեն խոստովանեց, որ բանակցությունների փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և միայն ինքն է, որ կարողանում է դիմանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ճնշումներին», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ որպես միջնորդներ, կոչված են նաև կանխելու հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրումները: Հրանոթների արկերի տակ ընթացող բանակցությունները երբեք խոստումնալից լինել չեն կարող:
«Ահա այս հանգրվանում է այժմ գտնվում արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը: Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանը սկզբունքորեն դեմ են ուժի կիրառմանը և հանդես են գալիս հիմնահարցն օր առաջ խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու օգտին: Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության նոր փորձերը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ հենց իր՝ Ադրբեջանի համար: Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համարժեքորեն արձագանքելու ուժի կիրառման ցանկացած փորձի: Չնայած Ադրբեջանի շարունակական սպառնալիքներին՝ Արցախի ժողովուրդը շարունակում է հաստատակամորեն կերտել սեփական ապագան։ Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվեի դրվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Արցախի ժողովուրդն իր ձայնը տվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգի ձևավորման օգտին: Ինչպես տեսնում եք, երկրի կառավարման մոդելի հարցում Հայաստանի և Արցախի պատկերացումները չեն համընկնում, սակայն նույնն է ժողովրդավարական հասարակարգ կառուցելու անխախտ վճռականությունը: Արցախի ժողովուրդն այդ կամքը դրսևորել է տասնյակ տարիներ շարունակ` ընտրությունների միջոցով ձևավորելով իր գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման մարմինները: Արցախի ժողովուրդն այլ ապագա չի պատկերացնում և լծված է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա հիմնված ազատ հասարակության կառուցման գործին», - ասել է նախագահը:
Ղարաբաղցին, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն է ասել, ժողովրդավարական աշխարհի հետ հավասար, իրավունք ունի վայելելու համամարդկային բոլոր հիմնարար ազատությունները, շատ ավելի լավ գիտի ազատ ապրելու գինը, ինչի համար նա վճարել է իր սեփական զավակների արյան գնով:
«Այսօր էլ Արցախը ժողովրդավարություն է կառուցում թշնամական կրակահերթերի ներքո: Իսկ Ադրբեջանն ամեն ինչ անում է ազատության այս ձայնը լռեցնելու համար, կոչ է անում դատապարտել ժողովրդավարական գործընթացը Արցախում: Մինչ Արցախը հաստատուն քայլեր է կատարում դեպի ավելի ամուր ժողովրդավարություն, նրա հարևան Ադրբեջանը հատկապես վերջին շրջանում հաստատուն քայլեր է կատարում դեպի ժառանգաբար փոխանցվող լիակատար բռնապետություն», - ասել է նախագահը՝ շարունակելով. - «Այստեղ հավաքվածներդ, ես տեսնում եմ, հայտնի փորձագետներ եք: Եթե կա կառավարման, ինքնակազմակերպման այլընտրանքային մեխանիզմ չճանաչված միավորների համար, շնորհակալ կլինեմ, եթե հուշեք: Դժվար է բացատրել արցախցի գործընկերներին, թե ինչու ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Կոսովոն կարող է համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և այդ կերպ ձևավորել իր կառավարման ինստիտուտները, իսկ իրենք դա անել չեն կարող: Հայաստանը, թեև չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, այնուամենայնիվ ԵԱՀԿ-ի բյուջեն ֆինանսավորելու միջոցով մասնակից է այդ գործընթացին: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը պետք է աստիճանաբար սկսի նպաստել Արցախի ժողովրդավարական գործընթացներին՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակից»:
Սիրիական ճգնաժամի սկզբից մինչ օրս Հայաստանում ապաստան է գտել շուրջ 20 հազար սիրիահայ
Սերժ Սարգսյանը խոսել է նաև սիրիական ճգնաժամից։ Նա նշել է, որ ճգնաժամի սկզբից մինչ օրս Հայաստանում ապաստան է գտել շուրջ 20 հազար սիրիահայ փախստական:
«Իհարկե, ցավով եմ այս բառն արտասանում, քանի որ նրանք մեր ընկալման մեջ փախստականներ չեն: Նրանք մեր մի մասնիկն են, որ պատմական զարգացումների բերումով ժամանակին փրկություն են գտել Սիրիայում: Այսօր, ողբերգական աշխարհաքաղաքական անցքերի արդյունքում նրանք ապաստանել են մեզ մոտ: Սակայն մենք անում ենք ավելին: Հայաստանը պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա. օգնությամբ բեռնված հերթական օդանավն օրեր առաջ վայրէջք կատարեց սիրիական հողում: Այն նախատեսված է ոչ միայն մեր սիրիահայ հայրենակիցների համար, այլև բոլոր սիրիացիների՝ անկախ կրոնական և էթնիկական պատկանելությունից: Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել՝ ի երախտագիտություն մեր բարեկամ Սիրիայի ժողովրդի, որը ժամանակին իր դռները բացեց ցեղասպանությունը վերապրած հայերի համար», - ասել է նախագահը:
ՀՀ-ԵՄ նոր պայմանագիրն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է
Անդրադառնալով երեկ Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ ԴոնալդՏուսկի հետ հանդիպմանը, Սերժ Սարգսյանը նշեց, որ Տուսկի հետ հայտարարել են Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին:
«Հայաստան-ԵՄ նոր պայմանագիրն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է, որը վկայում է տարբեր շահերի համադրումը` միտված, այսպես կոչված, «և՛, և՛»-ի քաղաքականության կենսունակությանը: Ճիշտ է, դեռևս 1996թ. մենք ստորագրել էինք Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող՝ Գործընկերության և համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, սակայն այն վաղուց արդեն չի արտահայտում ո՛չ Հայաստան-ԵՄ համագործակցության ընդգրկումը, ո՛չ էլ դրա խորությունը և առավել ևս` ո՛չ էլ հավակնությունները։ Ուստի, նոր համաձայնագրով, ամրագրելով տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու զարգացման ուղենիշերը, մենք ազդարարում ենք, որ շարունակելու ենք բոլոր ոլորտներում զարգացնել երկկողմ օրակարգը», - հայտարարել է նախագահը:
Սերժ Սարգսյանը կարևորել է այն փաստը, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն ունի արժեքային հենք։ «Հայաստանն անգամ պատմության ամենադժվարին պահերին իր առջև քաղաքակրթական ընտրության խնդիր չի դրել։ Ոչ ոք մեզ չի պարտադրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել, դա մեր ընտրությունն է: Մեր ժողովուրդն իրեն լիովին եվրոպացի է համարում. թե՛ մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը և թե՛ մեր կենսակերպը եվրոպական է։ Պատահական չէ, որ այսօր էլ հարյուր հազարավոր հայեր ապրում են Եվրոպայում և հանդիսանում օրինավոր քաղաքացիներ՝ իրենց տաղանդն ու աշխատասիրությունը ծառայեցնելով այդ երկրներին։ Սա ևս կարևոր կապող օղակ է Հայաստանի և Եվրոպական միության միջև։ Այսպիսով, մենք պարզապես ավելի ամուր իրավական հիմք ենք ապահովում այն համագործակցության համար, որը փաստորեն առկա է։ Համոզված ենք, որ դա թույլ կտա և նաև կպարտավորեցնի ունենալ ավելի արդյունավետ պետություն», - ասել է նախագահը։
Ճիշտ է, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ըստ Սերժ Սարգսյանի, սկզբնական շրջանում փշոտ ընդունվեց արևմտյան որոշ գործընկերների կողմից, սակայն ժամանակն ամեն բան իր տեղը դրեց:
«Մենք պատրաստ ենք նպաստելու ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների փոխշահավետ մերձեցմանը: Հայաստանը շահագրգռված է համաեվրոպական համագործակցությամբ: Մենք քաջ գիտակցում ենք, որ եղած խնդիրները լուծելու լավագույն ուղին համագործակցությունն է, իսկ հակամարտության ու նոր բաժանարար գծերի ստեղծման քաղաքականությունը ապագա չունի: Միաժամանակ, Հայաստանը, պատմականորեն հարաբերությունների մեծ փորձ ունի Իրանի հետ, իսկ ներկա սերտ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը դարձնում են Հայաստանը լավ հարթակ Իրան մուտք գործելու ցանկություն ունեցող եվրոպական ընկերությունների համար: Իրանի հետ զարգացնելով տարածաշրջանային օրինակելի համագործակցություն՝ Հայաստանն այսօր լավ նախադրյալներ ունի՝ դառնալու Պարսից ծոցը սևծովյան նավահանգիստների հետ կապող ամենաապահով և ամենակարճ տարանցիկ ուղին։ Դրան էր միտված Հյուսիս-հարավ ավտոմայրուղին՝ վրացական նավահանգիստներից դեպի Երևան, և ապա դեպի Իրանի սահմանակետ տանող ավտոճանապարհը ԵՄ-ի հիմնական երթուղում ներառելը», - ասել է նախագահը։
Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, ըստ Սերժ Սարգսյանի, Հարավային Կովկասի անվտանգության կարևորագույն օղակներից են։ Վրաստանի հետ Հայաստանը մշտապես բոլոր ընթացիկ հարցերը կարգավորել է բարիդրացիության և փոխըմբռնման մթնոլորտում: Հայաստանը Վրաստանի հետ համագործակցությունը երբևէ չի պայմանավորել երրորդ երկրների հետ հարաբերություններով։
«Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ-ի անդամի, և Վրաստանի՝ որպես ԵՄ-ի ասոցացված գործընկերոջ, այսօրվա համագործակցությունը փաստում է փոխշահավետ հարաբերությունների նոր հնարավորությունների մասին: Հայաստանը պատրաստակամ է դառնալու այն կայուն գործընկերը տարածաշրջանում, որը կնպաստի խոշոր դերակատարների միջև հակասությունների հարթման, տնտեսական զարգացմանն ուղղված ուղիների մշակման և ներդրումային արդյունավետ քաղաքականության ձևավորման գործընթացին», - ասել է նախագահը:
Եզրափակելով իմ ելույթը՝ նախագահը շեշտել է աշխարհում և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման կարևորությունը: «Համոզված եմ, որ ցանկացած հակամարտություն հնարավոր է լուծել միջազգային հանրության համախմբված ջանքերի շնորհիվ: Եվ խորհրդանշական է, որ Երևանի կոնյակի գործարանում պահվում է այսպես կոչված «խաղաղության տակառը»՝ շրջապատված Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դրոշներով։ Դա հաշտության և խաղաղության ակնկալիքի սոսկ մեկ խորհրդանշական դրսևորում է: Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ աշխարհահռչակ հայկական կոնյակով կազդարարենք մեր տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հաստատումը՝ զարգացման նոր հնարավորություններ ստեղծելով Հարավային Կովկասի բոլոր բնակիչների համար», - հայտարարել է Սերժ Սարգսյանը։