Մատչելիության հղումներ

Բանակցված պայմանագրով վիզաների ազատականացումը «ձևակերպված է որպես երկարաժամկետ նպատակ»


Armenia - Daniel Ioannisyan, activist, 22Feb, 2017
Armenia - Daniel Ioannisyan, activist, 22Feb, 2017

«Ճիշտ է, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սկզբնական շրջանում փշոտ ընդունվեց մեր որոշ արևմտյան գործընկերների կողմից, սակայն ուրախ եմ, որ ժամանակն ամեն բան իր տեղը դրեց», - այսօր Բրյուսելում Կարնեգի հիմնադրամի գրասենյակ իր այցելության ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք պատրաստ ենք նպաստելու ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների փոխշահավետ մերձեցմանը: Հայաստանը շահագրգռված է համաեվրոպական համագործակցությամբ», - հայտարերել է Սերժ Սարգսյանը Բրյուսելում այն բանից հետ, երբ երեկ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ ազդարարեցին Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը Բրյուսելից «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ արդեն բանակցված Հայաստան-Եվրամիություն նոր պայմանագիրը կարող է ստորագրվել ամիսներ անց․ - «Խնդիրը հետևյալն է՝ Եվրամիությունում հիմնական փաստթղթերը պետք է փարգմանվեն բոլոր լեզուներով, և այս պարագայում համաձայնագիրը, որն արդեն բանակցված է, պետք է թարգմանվի բոլոր լեզուներով: Պետք է նաև փորձագետները եզրակացություն տան»:

Նախագահ Սերժ Սարգսյանից և նրա գլխավորած պատվիրակությունից բացի այս, օրերին Բելգիայում են նաև հայաստանյան չորս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք եվրոպացի պաշտոնյանների հետ քննարկումներ են ունենում առաջիկա ընտրությունների և Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ։

Ըստ Իոաննիսյանի, թեև ստորագրումից առաջ պետք է լուծվեն միայն տեխնիկական հարցեր, այնուամենայնիվ հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչների տեղեկություններով, Եվրամիությունը ցանկանում է փաստաթուղթը ստորագրել ընտրություններից հետո․ - «Մենք փորձեցինք հասկանալ կապը նաև ընտրությունների հետ․ որքանով է Հայաստանում լավ ընտրությունները նախապայման այս պայմանագրի ստորագրման համար: Բայց ըստ էության այդ հարցին միարժեք պատասխան չկա: Այդուհանդերձ ենթադրվում է, որ եթե ընտրություններն անցնեն շատ բաց, ապա կարող է Եվրամիությունը վերանայել իր մոտեցումը: Ամեն դեպքում այս պահին մոտեցումը այն է, որ պայմանագիրը բանակցված է, ավարտված է և պետք է ստորագրվի»:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Միքայել Հովհաննիսյանն իր հերթին հիշեցնում է, թե ֆինանսական ինչ մեծ ներդրում է ունեցել Եվրոպական միությունն ապրիլի 2-ին անցկացվելիք ընտրություններում․ - «Այդ տեսանկյունից որոշակի շահագրգռվածություն ունի, որպեսզի այս ընտրությունները որական տեսանկյունից տարբերվեն Հայաստանում անցկացված նախորդ ընտրություններից, և մյուս կողմից, բնականաբար, կախված նրանից, թե ինչպես կանցկացվեն ընտրությունները, Հայաստանը իրեն կարող է դրսևորել որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր, կամ որպես ավելի քիչ կանխատեսելի և վստահելի գործընկեր: Այդ պատճառով, իմ կարծիքով, բնականաբար իշխանության շահերից բխում է ստորագրել այդ համաձայնագիրը ընտրություններից հետո, ոչ թե առաջ»:

Թեև արդեն բանակցված նոր շրջանակային համաձայնագրի նախագիծը չի հրապարակվել, այնուամենայնիվ, հայաստանցիների տեղեկություններով, այն ներառում է Ասոցացման համաձայնագրի հիմնական քաղաքական բաղադրիչները և գրեթե ոչինչ չի ներառում 2013-ին տապալված համաձայնագրի տնտեսական բաղադրիչից։

«Ցավոք սրտի, վիզաների ազատականացման հարցը այս պայմանագրով ձևակերպված է որպես երկարաժամկետ նպատակ», - փոխանցեց Դանիել Իոաննիսյանը:

Երեկ, հիշեցնենք, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, որ ակնկալում է, որ «առաջիկայում կմեկնարկի նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը»։

Մինչ այդ, հարևան Վրաստանի և Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմի համաձայնագիրը ուժի մեջ կմտնի արդեն մարտի վերջին: «Եթե Հայաստանը հետևողականորեն և ոչ իմիտացիոն կատարի այն պարտավորությունները, որոնք նախանշված են վիզաների ազատականացման համար, Հայաստանը կարող է ակնկալել», - ասաց Միքայել Հովհաննիսյանը:

Անգամ առնաց վիզաների ազատականացման խոստման նոր շրջանակային համաձայնագիրը, ըստ փորձագետների, հնարավորություն կտա Հայաստանին բազմազան ոլոտներում համագործակցել ԵՄ-ի հետ։ Ինչպես երեկ նշեց Եվրախորհրդի նախագահը՝ Եվրամիությունն արդեն իսկ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, առաջին միջազգային դոնորը և բարեփոխումների ամենաուժեղ աջակիցը:

«Սա ներառում է հսկայական ոլորտների քանակություն՝ սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած կրթությամբ, մշակույթով և այլն, և այլն», - ասաց Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG