Մատչելիության հղումներ

Բազմասեր Առաքելյանի ընտանիքը հերքում է, թե պատգամավորը ծեծկռտուք է սարքել


Բազմասեր Առաքելյան, լուսանկարը՝ ԱԺ կայքէջի
Բազմասեր Առաքելյան, լուսանկարը՝ ԱԺ կայքէջի

Դատախազությունը ոստիկանություն է ուղարկել պատգամավոր Բազմասեր Առաքելյանի տանը տեղի ունեցած ծեծկռտուքի մասին մամուլի հրապարակումները, քրեական գործ առայժմ հարուցված չէ:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանն էր հայտարարել, թե իշխող Հանրապետականի կողմից տարածքային թեկնածու առաջադրված Բազմասեր Առաքելյանը Փարպի գյուղի իր տանը մի քանի տասնակ կողմնակիցների հետ դաժան ծեծի է ենթարկել համագյուղացիներից մեկին՝ միայն այն բանի համար, որ նա ոչ թե իրեն, այլ Դաշնակցությանն է մտադիր ձայն տալ:

Գյուղացին, ում անունը իշխանական երկրորդ ուժ Դաշնակցությունը չի հրապարակում, Գեղամ Մանուկյանի փոխանցմամբ, հիվանդանոցում է: Ավելին, դաշնակցական գործչի խոսքով, այս միջադեպից հետո Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները հարձակվել են նաև տուժածի եղբոր վրա։ «Վիճակը լարված է», գրել էր Գեղամ Մանուկյանը՝ դաշնակցականների անունից հայտարարարելով, թե իրենց «ցանկացած համակիր ու ու կուսակցական ընկեր անպաշտպան չի մնա։ Բազմասերն էլ իր այդքան «կարոտած» ծեծն անպայման կստանա»։

Խորհրդարանում Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի խոսքերը հիշեցրեց՝ «Նույն օրը, շաբաթ օրը, հանրապետության նախագահը հանրապետական տարածքային թեկնածուների հետ հանդիպման ժամանակ խստորեն զգուշացրել էր, որ զուսպ լինեն, չփորձեն նման միջադեպեր ստեղծել, բայց, փաստորեն, նույն օրը՝ նման միջադեպ: Ես կուզեի, որ միջադեպով զբաղվեր առաջին հերթին Հանրապետական կուսակցությունը, իրենց խմբակցությունը, լավ կլիներ, որ իրենք գնահատականներ տային և իսկապես փորձեին այս նախընտրական փուլում շատ ավելի զուսպ, հավասարակշռված և ազնիվ գտնվել»:

Հանրապետականից հակադարձում են, թե զսպվածության կոչերը բոլորին են վերաբերվում: Իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տարածված տեղեկությունը անձամբ Բազմասեր Առաքելյանից էր ճշտել: «Նա հերքում է, որ ծեծկռտուք եղել է, մենք զգոնության կոչ ենք արել, բայց, համենայն դեպս, եթե պատգամավորը հերքում է այդ միջադեպը, մենք պետք է հետևողական լինենք, պետք է ստուգվի՝ արդյոք եղել է միջադեպ և ինչ պայմաններում: Կարող են լինել նման միջադեպեր, պարզապես մենք՝ բոլոր քաղաքական ուժերը, պետք է լինենք զգոն, որպեսզի անմիջապես կանխենք, չկանխելու դեպքում պետք է կրեն համապատասխան պատիժներ բոլորը՝ անխտիր»,- ասաց Բաղդասարյանը:

Փարպի գյուղի կենտրոնում մեր այցելության պահին հավաքված մի քանի տասնյակ տղամարդիկ ակտիվ քննարկում էին միջադեպը, բայց միաբերան պնդում՝ չի եղել, իրենք մամուլից են իմացել: «Ծեծկռտուք շատ տեղերում է լինում», «բոլոր գյուղերում էլ ըլնում ա․․․», «չէ, տենց բան չի եղել»,- ասում էին գյուղացիները:

Պատգամավորի մայրը՝ Ռուզաննա Ավագյանը, հավաստիացնում է՝ իր հարկի տակ ոչ մի միջադեպ չի եղել, որդին՝ Բազմասերը, մի քանի րոպեով է տուն մտել՝ «Տանը չի եղել․․․ ո՞նց կարելի ա հիվանդանոցում ինչ-որ մեկը գտնվի, ու գյուղում չիմանան, փոքր գյուղ ա, ամբողջ գյուղը մեզ բարեկամ ա»: Պատգամավորի մոր խոսքով, նա բռունցի չէր դիմի երբեք, այս տեղեկությունը տարածելով նրան փորձում են վարկաբեկել՝ «Լրիվ հերյուրանք ա, ուզում են վարկաբեկել»:

Ի դեպ, Փարպի գյուղը գտնվում է Արագածոտնում, որի մարզպետը հենց դաշնակցական է: Գաբրիել Գյոզալյանը, սակայն, հրաժարվեց մեկնաբանել միջադեպը՝ հորդորելով սպասել քննության ավարտին: Չնայած Բազմասեր Առաքելյանը առաջադրվել է Հանրապետականի կողմից, բայց հիմա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության փաստացի պատգամավոր է: Սպորտսմեն պատգամավորը ԲՀԿ-ն լքեց Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո: Օրենսդիր աշխատանքի հինգ տարիներին Առաքելյանը խորհրդարանում մեկ անգամ է ելույթ ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG