Մատչելիության հղումներ

Փորձագետ. ՀՀ-ն գտնվում է ՀՀ-ԵՄ հարաբերություները վերականգնելու երկրորդ հնարավորության նախապատրաստման եզրափակիչ փուլում


Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ Հայաստանն այժմ գտնվում է Հայաստան-ԵՄ հարաբերություները վերանորոգելու ու վերականգնելու երկրորդ հնարավորության նախապատրաստման եզրափակիչ փուլում։

«Ամենակարևորն այն է, որ Եվրամիության շատ պաշտոնյաներ գոհ են, որ Հայաստանի նախագահ Սարգսյանը գալիս է Բրյուսել պետական այցով: Նա այստեղ եղել է մի քանի անգամ` ԵԺԿ հանդիպումների առիթով և այլն, բայց նրանք շատ ողջունում են պաշտոնական պետական այցը: Եվս կարևոր է, որ նախագահ Սարգսյանը հանդիպում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն էլ շատ գոհ են: Բայց հաջորդ շաբաթ մենք չպետք է ակնկալենք որևէ համաձայնագրի ստորագրում: Այժմ մենք գտնվում ենք բանակցությունների և Հայաստան-ԵՄ հարաբերություները վերանորոգելու ու վերականգնելու երկրորդ հնարավորության նախապատրաստման եզրափակիչ փուլում: Այս շրջանակային համաձայնագիրը պատրաստվում է, բայց առնվազն մի քանի շաբաթ կպահանջվի իրավաբանական ստուգման ու թարգմանության համար: Այն, ինչ պետք է սպասենք հաջորդ շաբաթ, ըստ ԵՄ պաշտոնյաների, մի հայտարարություն է, որ պաշտոնապես կողջունի բանակցությունների եզրափակիչ փուլը ու կազդարարի, որ շրջանակային այս համաձայնագիրը պատրաստ կլինի նախ նախաստորագրության, իսկ հետո ստորագրության համար», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Կիրակոսյանը:

Փորձագետը նշում է, որ չնայած ուշացմանը, սա ահռելի հաջողություն է Հայաստանի և Եվրամիության համար` Արևելյան գործընկերության ծրագիրը փրկելու առումով:

Հարցին, թե ի՞նչ տեսակի պայմանագիր է դա լինելու Կիրակոսյանը պատասխանեց. - «Նախևառաջ, եկենք խոսենք՝ ինչի մասին չէ՛ այս համաձայնագիրը. սա մեկ այլ ասոցացման համաձայնագիր չէ, սա ավելի թույլ մի բան է: Այդուհանդերձ, սա Հայաստանի և ԵՄ-ի համար դեռևս կարևորություն ունեցող հարաբերությունների իրավական շրջանակ է: Չնայած Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միության անդամ է, բայց անակնկալ կերպով ԵՄ-ն առաջարկում է ավելի մեծ տնտեսական բաղադրիչ, քան մենք ակնկալում էինք: Կային նշանակալի ոլորտներ ներդրումների, մրցակցության համար, «բաց երկինք»՝ քաղաքացիական ավիացիայի համար, տնտեսական ոլորտներ, որոնք վերցվել են Ասոցացման համաձայնագրից ու հարմարեցվել Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմաններին։ Երկրորդ՝ առանցքային տարբերությունն այն է, որ 2016 թվականի ապրիլյան բախումներից, Ադրբեջանի հարձակումից հետո Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի շատ հնարավորություններ կան անվտանգության ոլորտի համագործակցության համար, որը ևս կապված է նախագահ Սարգսյանի, օրինակ, ՆԱՏՕ կատարվելիք այցի հետ: Վերջապես, կարևորն այն է, որ այս նոր համաձայնագրի վերաբերյալ ռուսական ճնշման կամ դժգոհության ակնկալիք չկա»:

Ճշտող հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի դժգոհելու այս համաձայնագրից, ո՞րն է պատճառը, փորձագետը պատասխանեց. - «Այո: Ակնհայտ է, որ 2013 թվականի համեմատ այժմ ժամանակն ու ենթատեքստն է ուրիշ: Հայաստանն այսօր ԵՏՄ անդամ է, ու այս Միությունն առանց Ուկրաինայի ավելի նվազ կենսունակ է, ավելի նվազ գրավիչ է նույնիսկ Ռուսաստանի նախագահ Պուտինի համար: Ուստի, Հայաստանի հետ հարաբերությունների ճգնաժամն ընդունելուն զուգահեռ, անհրաժեշտ է, որ Մոսկվան լինի ավելի ճկուն ու գոնե ողջունի, եթե ոչ թույլատրի, Հայաստանին հասնել այս համաձայնագրին: Որովհետև այն նաև կարևոր է Հայաստանի դիրքի համար: Այս համաձայնագիրը որոշակի վստահություն է առաջացնում Ռուսաստանի գլխավորած ԵՏՄ-ի նկատմամբ: Հայաստանը կարող էր ունենալ ավելի մեծ գործառույթ` ծառայելով որպես կամուրջ Իրանի, ԵՏՄ-ի և Եվրամիության միջև»:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի փետրվարի 26-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG