Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատարածքներում կեղծելու հնարավորությունը քիչ հավանական է տեսախցիկների և ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման շնորհիվ, փոխարենը, ըստ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ իշխանությունը սկսել է այլ մեխանիզմներ մշակել իրավիճակը վերահսկելու համար: Զուրաբյանի խոսքով՝ ընտրակաշառքի չափի օրեցօր բարձրացումը հենց այդ մասին է վկայում:
«Ընդ որում, քանի որ պետք է երաշխավորված արդյունք, մենք հիմա տեսնում ենք, որ այդ ընտրակաշառքի չափը բարձրացել է: Այսինքն, այդ խոսակցությունը արդեն դարձել է բոլորի բաց խոսակցության առարկա, և ռեկորդակիրը՝ ես լսել եմ արդեն 100 դոլարի մասին՝ Քանաքեռ-Զեյթունի կողմերում Միհրան Պողոսյանի կողմից խոստացված կաշառքների», - նշեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Տարիների ընթացքում ընտրակաշառքին սովորած ժողովուրդը, որը Զուրաբյանի գնահատմամբ գուցե այսօր հասարակության 50-60 տոկոսն է կազմում, գոնե այս ընտրությունների միջոցով պետք է ռեաբիլիտացիայի ենթարկվի: ՀԱԿ փոխնախագահի պնդմամբ՝ այս ընտրություններում հենց կաշառքով ստացած ձայներն են վճռորոշ դեր ունենալու․ - «Այն հասարակությունը, որտեղ գնում է ընտրակաշառքի պրակտիկա, այդ հասարակությունները, ըստ էության, գնում են դեպի թերզարգացում, կոռուպցիա, աղքատություն: Այսինքն, այդ մարդիկ, որոնք այդ ընտրությունը կատարում են՝ կաշառք վերցնել, թե չվերցնել, իրենք շատ լավ պետք է հասկանան, որ այդ քայլով իրենք իրենց երկրի ապագան եղծում են»:
Նախորդ ընտրություններին «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսով առաջնորդվող ՀԱԿ-ն այսօր ընտրություններին գնում է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կոչով՝ շարունակելով պնդել, որ այսօր օրակարգի առաջին հարցը Ղարաբաղի խնդրի կարգավորումն է: Դիտարկմանը, թե արդյո՞ք իշխանափոխությունն այլևս առաջնային խնդիր չէ, Զուրաբյանը պատասխանեց, որ շարունակում են պայքարել այդ ուղղությամբ, սակայն կարևորում են գնահատել, ճիշտ ձևակերպել այս պահին երկրի հիմնական մարտահրավերները:
«Իշխանափոխությունը, ավազակապետության դեմ պայքարը, կոռուպցիայի դեմ պայքարը, դա մեր տունը բարելավելու կարիքն է: Դա գլխավոր նպատակն է: Բայց երբ մարտը սկսվել է, դուք արդեն ժամանակ չունեք», - նշեց նա:
Ուշադրություն դարձնելով վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի սպառազինությունների աճին՝ Զուրաբյանը ընդգծեց, որ այսօր Հայաստանը 8 անգամ զիջում է հակառակորդին և այս պահին սպառազինությունների մրցավազքը ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնելու:
«Հրդեհը մոտեցել է մեր տանը: Պետք է արագ անել այն, ինչ մենք 90-ականներին ասում էինք՝ ռազմի դաշտում մեր ձեռք բերած հաղթանակը ամրապնդել խաղաղության միջազգային պայմանագրով: Պետք է հասնել խաղաղության պայմանագրի: Պահպանել մեր վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի, Քելբաջարի, Լաչինի նկատմամբ և բացել բոլոր կոմունիկացիաները, ստեղծել ռեգիոնում խաղաղ իրավիճակ, զարգացնել մեր հարաբերությունները Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ: Եվ դա մենք համարում ենք հնարավոր», - մանրամասնեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը:
Զուրաբյանն ընդունում է՝ իրենց խաղաղության ծրագիրը ռիսկային է՝ հաշվի առնելով, թե ինչ ուղղությամբ է այսօր ընթանում պաշտոնական քարոզչությունը, երբ մի կողմից ազգ-բանակ են կառուցում, մյուս կողմից, նրա ձևակերպմամբ՝ կեղծ նազիոնալիզմի կոչեր են հնչում․ - «Մեզ փորձում են է՛լ պարտվողական ներկայացնել, է՛լ թուլացնող ներկայացնել: Այսօր ամեն ինչ ուղղվում է մեր դեմ: Շատ ռիսկային է: Ես չգիտեմ, խաղաղության ծրագիրը կաշխատի, թե՞ չի աշխատի»:
Չեն բացառում՝ այս ծրագրով գուցե ԱԺ-ում չհայտնվեն՝ միևնույն ժամանակ շռնդալից հաղթանակի սպասելիքներ ունեն:
«Վստահ եղեք, որ եթե պառլամենտում չհայտնվենք, դա մեզ համար բացարձակապես ողբերգություն չի լինի», - հայտարարեց Լևոն Զուրաբյանը: