Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 23-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերին:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախարար Նալբանդյանն ու դեսպան Բեխլերն անդրադարձել են ԵԱՀԿ գործող նախագահի՝ տարածաշրջան կատարելիք այցին։
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածությանն առնչվող հարցեր՝ կարևորելով տարածաշրջանում միակ՝ Երևանում գրասենյակի գործունեությունը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են:
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանը և Գյունտեր Բեխլերն անդրադարձել են ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման համար Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերին: