Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյան․ Զինվորների քվեարկությունը չի ուղղորդվելու


Սակայն, Պաշտպանության նախարարի խոսքով, եթե նրանք հետևեն Պաշտպանության նախարարի օրինակին ու ընտրեն Հանրապետական կուսակցությանը, ապա դա նրանց իրավունքն է:

«Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվի քվեարկության ժամանակ», - պատասխանելով «Ազատության» հարցին, նշեց նախարարը՝ շարունակելով․ - «Երկար տարիների ընթացքում մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը: Իհարկե, Պաշտպանության նախարարի կուսակցական լինելը մի կողմից, թվում է, որ առավելություն է, մյուս կողմից պետք է հասկանանք, որ բոլոր խնդիրները, որ կան բանակում, այն բոլոր բարդությունները, չլուծված հարցերը, որ կան, դրանք ևս կապվում են քաղաքական այն կուսակցության հետ, որը ես ներկայացնում եմ՝ որպես մեծամասնության ներկայացուցիչ զբաղեցնելով այդ պաշտոնը: Քաղաքական պաշտոն զբաղեցնելը ենթադրում է ինչպես հնարավորություն՝ ցույց տալու քո քաղաքականությունը, քո ուղղվածությունը, միտումը, այնպես էլ՝ կրելու այն բեռը, որը կա չկատարված կամ թերի կատարված գործերի համար: Դրա համար, ես կարծում եմ, որ նախագահի խոսքերը պետք է շատ ուղիղ հասկանալ՝ բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում, ինչպես չի եղել նախորդ ընտրություններում, իսկ եթե զինվորները որոշեն, որ Պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը, և որոշեն քվեարկել այն կուսակցությանը, որի նախընտրական ցուցակն եմ ես ղեկավարում, դա իրենց քաղաքացիական իրավունքն ու ընտրությունն է»:

Օրեր առաջ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ չնայած Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ի առաջին համարն է, այդուհանդերձ բանակը մնալու է ապաքաղաքական, իսկ միջկուսակցական քննարկումներն էլ պատժվելու են:

Ավելի վաղ քաղհասարակության ու ընդդիմության ներկայացուցիչները կասկած էին հայտնել, թե բանակը կարող է ապաքաղաքական մնալ ընտրական շրջանում:

Վիգեն Սարգսյանն այսօր վստահեցրեց, թե Հանրապետականի քարոզարշավին մասնակցելը Զինված ուժերի ղեկավարմանը չի խանգարի․ - «Իմ աշխատանքային օրը այսօր տևում է առավոտվա վեցն անց կեսից երբեմն մինչև գիշերվա տասնմեկն անց կես, և ես կարծում եմ, դրա մեջ բավական ժամ կա, որ ես իմ աշխատանքային պարտականությունից բացի, նաև զբաղվեմ այն գործով, որը, որպես կուսակցության ցուցակի առաջին համար, պարտավոր կլինեմ կատարել քարոզարշավի ընթացքում»:

Հինգ ամիս առաջ պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնած Սարգսյանն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան նաև արձագանքեց մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, ըստ որոնց Պաշտպանության նախորդ նախարարը, այժմ ընդդիմադիր դաշտում հանդես եկող Սեյրան Օհանյանը, հնարավոր է բանակում չարաշահումներ կատարելու մեջ մեղադրվի․ - «Ցանկացած գործունեության մեջ կան ռիսկեր: Այնտեղ, որտեղ կան մեծ գործառույթներ, բյուջետային հատկացումների մեծ հատվածներ, կան ավելի մեծ ռիսկեր: Բայց ես չեմ կարծում, որ ես կարող եմ այս պահին մեկնաբանել կամ ասել, թե արդյոք կա քրեական գործի որևէ հիմք: Մենք, լուծելով խնդիրները, հերթով, քայլ առ քայլ փորձում են [բարձրացնել] հանրային միջոցների օգտագործման արդյունավետությունը․․․ Կարծում եմ, դուք շատ լավ հասկանում եք, որ եթե ես տեսնեմ այն խախտումը, որը որ քրեականորեն հետապնդվող է, անպայման համապատասխան իրավապահ մարմինները դրա մասին իրազեկվեն»:

Արտաքին գործերի նախկին նախարարներ Վարդան Օսյանյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ դաշինքով ընտրությունների գնացող Սեյրան Օհանյանը նախորդ շաբաթ նաև հայտարարել էր, որ ինքը դեմ է եղել ապրիլյան պատերազմից հետո իր տեղակալ, գեներալ Ալիկ Միրզաբեկյանի պաշտոնանկությանը:

Պաշտպանության նոր նախարարի կարծիքով, Օհանյանը պետք է բարձրաձայներ, որ դեմ է նյութատեխնիկական ապահովման դեպարտամենի ղեկավարի հեռացմանը․ - «Ես կարծում եմ, որ եթե Պաշտպանության նախկին նախարարը դեմ է եղել, որ իր տեղակալը ազատվի աշխատանքից, ինքը պետք է դրա մասին հայտարարեր ազատվելու պահին: Մնացած ամեն ինչը ձեր վերլուծելուն եմ թողնում»:

Երևանի պետական բժշկական համալսարանում շրջայց իրականացնող Պաշտպանության նախարարը նաև նշեց, որ վերջին օրերին ղարաբաղյան շփման գծում նկատվում է լարվածության աճ օգտագործվող զինատեսակների առումով՝ Ադրբեջանն անցած գիշեր կիրառել է ականանետեր ու թեթև հրետանի․ - «Հակառակորդը չի թաքցրել և չի թաքցնում իր նպատակները, իր առջև դրվող խնդիրները: Մեր Զինված ուժերը շարունակում են վերահսկել լիրարժեք իրավիճակը և շարունակելու են կատարել իրենց գործը, ինչպես կատարել են այս բոլոր տարիներին»:

XS
SM
MD
LG