Մատչելիության հղումներ

Կողմերը սարսափում են պատերազմից, բայց պատրաստվում են դրան․ ռուսաստանյան ԶԼՄ-ներ


Ռուսական մամուլն այս օրերին լայնորեն անդրադառնում է ղարաբաղյան խնդրին, մեկնաբանելով վերջին օրերին հայ, ադրբեջանցի և ռուս պաշտոնյաների հնչեցրած հայտարարությունները։

Նախօրեին Gazeta.ru –ն, արձագանքելով Հայաստանի պաշտպանության նախարարի՝ «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցին, «Իսկանդերները թիրախավորել են Բաքուն» վերնագրով հոդված է հրապարակել։

Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը հիշյալ հարցազրույցում ասել էր, որ անցած աշնանը Հայաստանի մայրաքաղաքում ցուցադրված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը պատկանում են բացառապես հայկական զինուժին։ Ռուսական պարբերականը ներկայացրել է մի շարք փորձագետների պարզաբանումներ, ըստ որոնց, հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի դեպքում «Իսկանդեր»-ները կարող են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ և իրենց նշանառության տակ առնել Բաքուն։ «Այդ համակարգերը հավասարակշռում են ուժերը հակամարտության գոտում»,- հղում անելով փորձագետներին, գրում է Gazeta.ru- ն ։

Վկայակոչելով նույն վերլուծաբաններին, պարբերականը նաև հիշեցնում է, թե Ռուսաստանի նպատակն է պահպանել հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Gazeta.ru- ն, այնուհետև, որոշ տեղեկություններ է ներկայացնում սպառազինության վաճառքի մասին: Ըստ այդմ՝ դեռևս 2010-ին Մոսկվան ու Բաքուն սպառազինության վաճառքի շուրջ մոտ երեք միլիարդ դոլար արժողությամբ փաթեթ են ստորագրել։ Մի քանի տարում Ադրբեջանը Ռուսաստանից ստացել էր առնվազն 100 ժամանակակից տանկ, 24 «Սմերչ» համակարգեր, ռազմական ուղղաթիռներ։ Ռուսաստանյան պարբերականի գնահատմամբ, ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց հայկական զինված ուժերի խոցելիությունը։ Միևնույն ժամանակ, ռուս փորձագետները կարծիք են հայտնում, որ Հայաստանը նշված «Իսկանդեր» համակարգերը դեռ ապրիլյան պատերազմից առաջ էր ձեռք բերել։

Ղարաբաղյան հարցին և սպառազինության թեմային է անդրադարձել նաև «Եվրազիադեյլին»՝ «Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, Հայաստանի հատուկ կարծիքը առանց Ղարաբաղի» տարօրինակ վերնագիրը կրող հոդվածում: «Հայաստանի դժգոհությունը ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունից ավելի արտահայտված բնույթ է ընդունում։ Պաշտոնական Երևանն արդեն ուղիղ տեքստով է Մոսկվային իր դժգոհությունը հայտնում։

Նախկինում իշխանություններն իրենց դժգոհություն մասին միյան ակնարկներ էին անում, իսկ պալատական քաղաքագետները զգուշորեն տեքստեր էին կազմում, մինչդեռ, այսօր արդեն կոշտ հայտարարություններով են հանդես գալիս Հայաստանի պաշտոնյաները»,- արձանագրում է պարբերականը, որպես օրինակ բերելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Ռիա Նովոստի»-ի հետ:

«Ադրեբջանի ռազմականացումը ուղիղ ճանապարհ է՝ դեպի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացում»,- նաև փաստում է ռուսական պարբերականն ու հավելում՝ «Մինչև քառօրյա պատերազմը Մոսկվան հանգստացնում էր Երևանին, ասելով, թե ամեն ինչ վերահսկողության տակ է, սակայն, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դա այդպես չէ։ Եվ այդ պատերազմում Արդեբջանն օգտագործեց վերջին տարիներին Ռուսաստանից ձեռք բերած սպառազինությունը»:

Հոդվածագիրը, սակայն, անպատասխան է թողնում իր իսկ հնչեցրած հարցը՝ ինչու՞ է հատկապես վերջին շրջանում պաշտոնական Երևանը սկսել բարձրաձայնել իր դժգոհությունը։ «Հայաստանում կա հստակ մտավախություն, որ ապրիլին Հայաստանի իշխանությունների համար չափազանց կարևոր խորհրդարանական ընտրությունների նախօրեին հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կարող է դարձյալ սրվել»,- միայն նկատում է «Եվրազիադեյլին»։

«Ռոսբալտ» պարբերականն էլ անդրադառնում է անցած շաբաթ Մյունխենում Իլհամ Ալիևի ունեցած ելույթին, այդ առնչությամբ հրապարակած հոդվածը վերնագրելով այսպես՝ «Վառոդի հոտը Կովկասից Բավարիա է հասել»: «Ռոսբալտ»-ը գրում է՝ «Մինչ Իլհամ Ալիևը Մյունխենում ելույթ էր ունենում, Սերժ Սարգսյանը երկրապահների հավաքին խուճապ էր տարածում՝ զինվորականներին կոչ անելով պատրաստ լինել պատերազմին, քանի որ Ադրբեջանը, մտածելով, որ խորհրդարանական ընտրությունների օրերին Հայաստանը հեշտ թիրախ է, կփորձի նոր սադրանքների դիմել»:

«Ադրեբջանը, ինչպես և Հայաստանը, սարսափում է պատերազմից, բայց երկու կողմերն էլ պատրաստվում են դրան: Պարզվեց, որ ԵԱՀԿ Մինկսի խումբը պարզապես փուչիկ է, հոդս ցնդեցին նաև հույսերը, թե Ռուսաստանը ուր որ է՝ կսկսի խնդրի փուլային կարգավորումը։ Ու թեև նման հույսերի համար բոլոր նախադրյալները կային, այդ ծրագիրը ևս ձախողվեց», - շարունակում է ռուսական պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG